Շնորհիվ մրցավարի կողմից հավելած ժամանակի, Բրազիլիայի ընտրանին կարողացավ կոտրել Կոստա-Ռիկայի հավաքականի դիմադրությունն ու խաղը շահել 2:0 հաշվով: 90+1 րոպեին գոլի հեղինակ է դարձել Կոուտինիոն, 90+7 րոպեին՝ Նեյմարը: Ցավով պիտի արձանագրել, որ կրած երկու պարտության պատճառով կոստառիկացիները լքում են առաջնությունն այն դեպքում, երբ իրապես գեղեցիկ, դիտարժան խաղ էին ցուցադրում: Բրազիլացիները երկու խաղից հետո հավաքած չորս միավորով ժամանակավորապես գլխավորում են E խումբը: Նրանց հետ նույն խմբում գտնվող Սերբիայի ու Շվեյցարիայի ընտրանիներն այսօր երեկոյան մրցելու են իրար հետ:

Հավելենք, որ արդեն երկրորդ խաղն անընդմեջ Կոուտինիոն ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ Նեյմարը դարձավ առաջնության առաջին ֆուտբոլիստը, ով բռնվեց սիմուլյացիայի մեջ ու պատժվեց դեղին քարտով: