Լրագրող Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից վերցված ստորև ներկայացվող նյութին որոշեցինք նման վերնագրով արձագանքել, թեպետ, անկեղծ ասած, արդեն մեր գրչի ծայրին էր գրեթե նույնաբովանդակ նյութը, որովհետև այս ամենը հիշեցնում է շատ մեծ անլրջություն: Զուտ խորհրդի կարգով ուզում ենք իշխանություններին ասել, որ երկիր կառավարելը քարկտիկ խաղալ չէ, որ եթե մեկի գլուխը, կոնկրետ այս պարագայում՝ Շմայս-Առաքել Մովսիսյանի, խուզելու պատրաստակամություն ես հայտնում, ուրեմն այդ խուզվելիքը պետականությանդ դեմ արարքներ է կատարել, որ ուզում ես նրա անձնական վարսավիրը դառնալ, ու չի կարելի հայտարարությունիցդ քսանհինգ օր անց այցելել նրան «պատկան հողեր»` հնարավոր պարտակելիքը պարտակելու ավելի քան ընդգրկուն ժամանակ տալով և այլն: Մեր բարեկամական հորդորն է, որ ավելի լուրջ վերաբերվեք պետականաշինությանը, ինչում հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը:

Հիմա էլ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Մանե Թանդիլյան - դվա չստացվի՞ նորից: Մեկ ամիս աշխատում են, դուռն ուժեղ շըրխկացնում են, վազում են տարբեր եթերներ, «սկզբունքային» հարցազրույցներ են տալիս, իսկ հետո սուսիկ-փուսիկ վերադառնում են, նստում իրենց աթոռներին և կրկին «սկզբունքային» դիրքերից մեզ բացատրում հրաժարականի և վերադարձի «էական ու անհրաժեշտ» պատճառները՝ աշխատավայր վերադառնալը ներկայացնելով որպես «սկզբունքային քայլ»: Մեռանք էդ սկզբունքայնության մասին լսելով: Բնականաբար, սկզբունքներ ունենալու մասին ամենից շատ խոսում են սկզբունքներ չունեցող մարդիկ: Իսկ ընդհանրապես, պետք է նկատել,որ կառավարության աշխատակազմը, արարողակարգը գործում է «էշի կաշկայի» պես. դե, չեն կարողանում շեֆերի օրակարգը սպասարկել: Ասենք, փոխվարչապետը կարող է գերատեսչության հեռացող ղեկավարին հրաժեշտ տալու և նորին ներկայացնելու արարողությունից ուշանալ մի երկու ժամ՝ սպասեցնելով բոլորին, իսկ հետո էլ մեկի միջոցով «խաբար ուղարկել» թե՝ մի քիչ էլ սպասեք, հեսա գալիս եմ: Կարող են, ասենք, հայտարարել, թե վարչապետն ու փոխվարչապետը մասնակցել են Իգոր Մուրադյանի թաղմանը, սակայն ոչ մի փաստ (լուսանկար, տեսանյութ) չներկայացնել: Իսկ եթե փորձես հարց տալ մամուլի քարտուղարներին՝ թաղմանը նրանց մասնակցությունը հաստատող մի փաստ կնշե՞ք, նրանք հղում են անում Գառնիկ Իսագուլյանի ՖԲ-յան գրառմանը, որում դատարկ խոսքեր են՝ առանց լուսանկարի ու տեսանյութի: Ահա՛, այսպիսի «սկզբունքային կազմակերպվածություն»: Լավ է, գոնե ԱԱԾ-ի գործողությունների մասով հղում չեն անում Գառնիկ Իսագուլյանին: Էդ էլ ու պըլծ: