Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել են Հայաստանի համար համեմաբար նոր զբոսաշրջային նախագծի գործարկման մասին. այսուհետ Լոռու մարզում, Դեբեդ գետի վրա կանոնավոր կերպով ռաֆթինգ–տուրեր կանցկացվեն։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին են ասել ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ևՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նաև խոսվեց rafting.am նորաստեղծ կայքի մասին:

«Շատ կարևոր նախագիծ է, քանի որ զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար։ Դա նախ բխում է հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման, զբոսաշրջությունը դեպի հանրապետության տարբեր մարզեր ապակենտրոնացման, գյուղական զբոսաշրջության զարգացմանը նպաստելու պետական քաղաքականության խնդիրներից, որն իրականացվում է պետական գերատեսչությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների եւ անհատների սերտ համագործակցությամբ: Նախագիծը կխթանի տարածաշրջանային և ագրո զբոսաշրջությունը։ Բացի այդ, Հայաստանն այս նախագծի շնորհիվ ավելի մրցունակ կդառնա տարածաշրջանում»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:

Արման Վալեսյանն իր հերթին նշել է, որ ռաֆթինգի Հայաստանի թիմը մտադիր է տարածաշրջանային և միջազգային մրցումներին մասնակցելու հայտ ներկայացնել. «Ինտեգրված գյուղական զրոսաշրջության զարգացում ծրագրի ամենակարեւոր խնդիրներից է՝ խթանել Հայաստանի մարզերում զբոսաշրջությունը, այդպիսով ստեղծելով այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար»:

Տուրերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը կարելի է ստանալ ռաֆթինգի Facebook–յան էջում և Rafting.am կայքում։ Ծրագրի մեկնարկը կտրվի հունիսի 26-ին, իսկ հաջորդ օրվանից բոլոր ցանկացողները կարող են օգտվել բազմաթիվ փաթեթներից:

Ալեն Ավագյան