Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստի քննարկման միակ թեման օրերս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված, ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրվող, բանակին հասցեագրված օգնությունը յուրացրած, գեներալ Մանվել Գրիգորյանին Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն էր: Ավագանու 10 անդամների միաձայն քվեարկությամբ որոշումն ընդունվեց: Այս մասին հաղորդում է Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքը:

Նշենք, որ 1986-2015 թվականներին Կապանում նման կոչում ստացել է 45 անձ: Մանվել Գրիգորյանին պատվավոր կապանցու կոչում տրվել էր 2003 թվականին:

Հավելենք, որ ԱԱԾ-ի հրապարակած սենսացիոն տեսանյութից հետո Կապանի համայնքապետարանում կայացել է համայնքի ղեկավարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են ավագանու տարբեր տարիների անդամներ, համայնքի նախկին ղեկավարներ, երկրապահ կամավորակաների միության, «Ազատամարտ» կոմիտեի անդամներ: Այդ քննարկման ժամանակ է համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու և գեներալին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշում կայացվել:

Ա. Ա.