Մեծագույն ցանկության դեպքում անգամ Խորվաթիա-Արգենտինա հանդիպման արդյունքը սենսացիա չես անվանի, քանի որ խորվաթները վաղուց ունեն ֆուտբոլային պինդ հավաքականի համարում: Այ, միանգամայն ուրիշ բան, որ գրանցված 3:0 հաշիվն է անպատշաճորեն մեծ: Եթե ըստ էության նայենք եղածին, խորվաթները աշխարհի փոխչեմպիոններին հաղթեցին շնորհիվ իրենց միջին գծի շարժունության, խաղը մշտական հսկողության տակ պահելու ունակության, իսկ Լուկա Մոդրիչը պարզապես ապշեցուցիչ էր: Ակնհայտ է նաև ևս մեկ բան` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին իր վիզավիին զիջեց տակտիկական հարցում: Ինչ վերաբերում է Մեսիին խորք քաշելու մարտավարությանը, նրան մատակարարի գործառույթ տալուն, ապա խաղը ցույց տվեց, որ այդպես մրցակիցը ստանում է արգենտինական ընտրանու թիվ մեկ հարվածային ուժին ավելի մեծ ուժերով դիմակայելու հնարավորություն:

Նշենք, որ այս խաղից հետո խորվաթները ձեռքբերեցին փլեյ-օֆում հանդես գալու իրավունք, ինչն ունենալու համար արգենտինացիներից պահանջվում է միայն ու միայն հաղթանակ նիգերացիների հետ դիմակայությունում: