Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքների փաթեթին, որը խոշոր տուգանքների եւ նույնիսկ ազատազրկման ձեւով պատիժներ է սահմանում փախստականներին եւ ապօրինի ներգաղթյալներին օգնելու համար: Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն արագ արձագանքել են սույնին ու հայտարարել, որ նորարարությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Ամերիկաբնակ հունգարացի միլիարդատեր եւ բարերար Ջորջ Սորոսի պատվին «Ստոպ Սորոս» անունով երեք օրենքների փաթեթը կառավարությունն այս տարի էր ներկայացրել խորհրդարան՝ նախքան ապրիլյան ընտրությունները:

Այս օրինագծերով մասնավորապես առաջարկվել է հասարակական կազմակերպությունների համար, որոնք իշխանությունների կարծիքով աջակցում են անօրինական  ներգաղթին, 25 տոկոս հարկ, հսկայական տուգանքներ եւ նույնիսկ մինչեւ մեկ տարվա ազատազրկումներ դնել անօրինական ներգաղթյալներին օգնելու եւ այդ ՀԿ-ները փակել այն դեպքում, եթե, ի դեմս դրանց, ՆԳՆ-ն ազգային անվտանգության համար սպառնալիք է տեսնում:

Բացի դրանից, Հունգարիայի Ազգային ասամբլեան Սահմանադրության լրացում է ընդունել, որն արգելում է երկրում միգրանտների կազմակերպված վերաբնակեցումը: Սա Եվրամիության առաջարկի պատասխանն է, որի համաձայն ԵՄ-ն խորհուրդ էր տվել փախստականներին քվոտաներով ԵՄ-ի բոլոր երկրների միջեւ բաշխել: