Հոյակապ ֆիլմ էր. էս սերունդն, ափսոս, դժվար տեսած լինի: Եթե կարճ ասենք, ֆիլմն ավազահանքերում ապրող, ստեղից-ընտեղից ապրուստի միջոց սրանից-նրանից թռցնող անապաստանների մասին էր: Բայց ի տարբերություն մեր «գեներալների»՝ է՛դ «գեներալները» երեխեք էին, ու դրանք «ազնի՛վ գող» էին, դիտողի համակրանք շահող գող…
Կանխավ հուշեմ, որ «գեներալ» ասելով՝ բնավ էլ զենքը ձեռքին գեներալ նկատի չունեմ. ավազահանքերի մե՛ր գեներալներն ամենուրեք են. նախարարություններում ու օլիգարխիայում, Գրողների ու Լրագրողների հեգ միություններում, կուսակցություններում ու ամենակենտրոնական ընտրական հանձնաժողովներում, Ազգային ժողովում ու հեռուստատեսությունում, որոնք այսօր իրենց գովերգի կրկներգը փոխել, ում երեկ գովում էին, այսօր թքում-մրում, ում երեկ թքում-մրում էին՝ այսօր դրել-գովում ու ոչ ամաչում, ոչ էլ ամոթից պարան են առնում ու իրենց «տանիքից» մարդավարի կախվում՝ պատճառաբանելով, թե ո՞նց կախվենք` մեր «տանիքն» ախր լրիվ փտել է, փտած «տանիքն» էդ 10-20 տարի ինքնամոռաց ու անձնուրաց կերած-խմած մեր անձը դժվար թե պահի, ավելի լավ է՝ հիմա էլ դուք մեզ «տանիք» եղեք, ձեր «տանիքից» կախվենք, բայց ոչ թե Սադամի, այլ չղջիկի պես, թռչող մկա՛ն պես. գլխիվայր կախվենք ու հիմա էլ ձե՛ր գովքը մեր երգչախմբով քաղցր ծլվլանք նոր ֆասադ առած ձեղնահարկերից:
Ինձ որ հարցնեք՝ առաջին հերթին ոչ թե Մանվելին, այլ էդ գովերգո՛ղ «գեներալներին»՝ կործանվող նավից առաջինը փախչող ու նոր ապաստան փնտրող էդ մկներին ու առնետներին է պետք վերջապես իրենց արժանին մատուցել ու հատուցել, դրանց ծլվլոցը վերջապես կտրել: Էդ ֆալշն արդեն այնքան անտանելի է, որ տանողն էլ արդեն հանցակից է հաստա՛տ:


Գեւորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ