Ըստ «The Times»-ի՝ Պուտինն ու Տրամպը շուտով հանդիպելու են, և ուստի մոտալուտ այդ հանդիպման շեմին անչափ հուզվել է… Թերեզա Մեյը: Մանավանդ որ Բրիտանիայի սույն վարչապետն արդեն կասկածներ ունի, թե իրենք ու իրենց մեծ եղբայրն են այսօր մոլորակի առաջատար ռազմական ուժը, վախ ունի ռուսները իրենց շրջանցել-անցել են: Մայր Թերեզայի անվանակիցն ու հակապատկերը գնալով հետապնդման մոլուցքով տառապելու ընդգծված ախտանիշներ է մեծ հաջողությամբ ցուցաբերում: Սոլսբերիի տխրահռչակ պատմությունից հետո խեղճ աղջիկը, կարծես թե, ինտենսիվորեն խելքը գցում է. տպավորություն կա, որ Պուտինին թունդ սիրահարվել, բայց ներս է գցել, դիտմամբ կռացել, մի բուռ է դարձել, որ իր ու Վոլոդյայի բոյերի տարբերությունն էդ ճամփով փոքր-ինչ չեզոքացնի:

Պուտինն էլ, ախր, էնքան քարսիրտ է, որ սիրո խոստովանության տեղ էդ կնոջից ներողություն է մի գլուխ ակնկալում: Թերեզան իր հերթին սրտնեղում է, որ Վոլոդյան իրեն բնավ չի հասկանում. ախր իրեն որ մնա, ինքը հենց վաղն էլ ներողություն կխնդրի, կրծքին կփլվի ու լաց կլինի, բայց էդ ներողությունից իր բո՞յը կկարճանա, թե՞ Պուտինը տեղում ֆուտերով բոյ կքաշի… 

Չէ, անգղիացիք հաստատ մեր Անգեղյաց տնից են, հա՛յ են, իսկ հայի բախտն ուր գնաց, իր հետ է… Ու թարսի պես էդ անխիղճ աղջիկն էլ, վայ թե, Անգեղյաց տան Տորքի՛ ցեղից է, մանավանդ որ իր կուսակցությունն էլ հենց Տորքի անունով է՝ Տորի: 

Գեւորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ