Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը երկու օր առաջ դարձավ օտարերկրացի զույգի ամուսնության վկան։ Հարսանեկան զգեստով, ձեռք ձեռքի տված Արցախի ԱԳՆ մտած երջանիկ զույգը կյանքի ամենակարևոր իրադարձությունը թե ինչու որոշեց հենց Արցախում նշել, այդքան էլ կարևոր չէ, առավել կարևորը տեղի ունեցածն է։

Մինչ այժմ Արցախի արտգործնախարարությունն աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ երիտասարդ զույգերի է արտոնագիր տրամադրել, բայց որ սիրահարները փոխադարձ սիրո ու հավատարմության երդում տան արտոնագիրը ստանալուց անմիջապես հետո Արցախի մայրաքաղաքում ու Արցախի դրոշը ձեռքին, առաջին դեպքն է։

Արտասահմանցի զբոսաշրջիկ-նորապսակների անուններն, ամենայն հավանականությամբ, հայտնի է միայն նրանց մուտքի արտոնագիր տրամադրողներին ու մեկ էլ Արցախի արտգործնախարարության ամենահետաքրքրասեր աշխատակիցներին։

Հայկական գրեթե ոչ մի լրատվամիջոցի ուշադրությունից դուրս չմնացած այդ լուրը, բնականաբար, կայծակնային արագությամբ հայտնվել է ադրբեջանցիների տեսադաշտում ու տակնուվրա արել վերջիններիս նյարդային համակարգը։ Իսկ թե հայկական լրատվադաշտը՝ հատկապես Արցախի մասով, խոշորացույցի տակ առած հարևանները որքան ճիգ են գործադրել այդ նորապսակների անունները հայտնաբերելու և Ադրբեջանում «persona non grata» հայտարարելու համար, պարզից էլ պարզ է։

Դե ինչ, նրանց չխանգարենք որոնողական աշխատանքներում, միայն ցանկանք, որ նորապսակների օրինակը վարակիչ լինի, իսկ ի լրումն եղածի, Արցախի վիճակագրական ծառայութունից ստացված մի քանի թարմ տվյալներ ներկայացնենք. 2017 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 22 453 զբոսաշրջիկ` նախորդ տարվա 13 960-ի փոխարեն, այսինքն` ոլորտում գրանցվել է 60.8% աճ:

2016թ-ին Արցախ են եկել 80 երկրից, իսկ 2017-ին՝ 95 երկրից։

Զբոսաշրջիկների 51.7 տոկոսը կամ 11608-ը հանրապետություն են այցելել Ռուսաստանի Դաշնությունից, 2786 զբոսաշրջիկ՝ ԱՄՆ-ից, 922-ը` Իրանից, 793-ը՝ Ֆրանսիայից: Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Լիբանանը, Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։

Լիլիթ Պողոսյան