Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի քիմքով չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունն արտաքին հարաբերություններում: Թվում է, թե ելնելով իր կոչվածությունից` ՀՀ արտգործնախարարը առանձնակի ջանքեր պիտի գործադրեր Հայաստանի աճած վարկանիշը բարձր շեմի վրա պահելու համար, բայց ո՜չ. հայկական դեսպանատները կայուն գործող ավանդույթի ուժով շարունակում են Հայաստանից եկած հյուրերի ընդունման, խանութներով պտտացնելու, շոպինգ անելու ու բարեհաջող հետ ճանապարհելու կետերի իրենց գործառույթը:
Իսկ գուցե Զոհրաբ Մնացականյանի պասիվությունը պայմանավորված է իր երբեմնի շեֆի անկյուն քշված լինելու կարգավիճակո՞վ: Հիշենք, որ երբ Արմեն Սարգսյանը Հայաստան եկավ վարչապետի պորտֆելը ստանձնելու համար, Զոհրաբ Մնացականյանը նրա հետ ժամանածների թվում էր խորհրդականի թե օգնականի այդ պահի համար համեստ զբաղմունքով` իհարկե հեռանկարում ունենալով ծառայությունների բարձր գնահատման ակնկալիք: Այն ժամանակ Զոհրաբ Մնացականյանին դա չհաջողվեց: Փոխարենը նրա աստղն այս անգամ ժպտաց: Սակայն թույլ տվեք արտգործնախարարից նորից անցնենք նրա բոլոր ժամանակների շեֆին:
ՀՀ նախագահի պաշտոնին անցած Արմեն Սարգսյանը հայաստանյան քաղաքական կյանքում մի պահ պլպլաց իր «եթե պետք է` ես կկանգնեմ ցուցարարների ու ոստիկանության միջև»  ամբոխահաճո հայտարարությամբ, իսկ երկրորդ «բռնկումն» ունեցավ այն ժամանակ, երբ թվաց թե երեխաների հետ մառոժնի ուտելուց, քըխ-քըխ խաղալուց, ամերիկյան սթայլով բարբիքյու սարքելուց հետո բավական քաղաքական կշիռ է ձեռք բերել երկրում իշխանություն թևերի մեջ գործառույթներն անհամաչափորեն բաժանված լինելու մասին խոսելու համար բոլորիս շատ էլ լավ հասկանալի հեռանկարով ու ենթատեքստով, ինչին հետևեց Նիկոլ Փաշինյանի շռնդալից հարվածը:
Մեկ ուրիշ անգամ մենք հարկավ շատ ավելի լայն առումով հնարավորություն կունենանք անդրադառնալու ՀՀ նախագահի անձին ու գործնեությանը, ուստի այս նյութը ավարտենք հետևյալ դիտարկումով: Այն է` արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա պակաս հետաքրքրական չի ներկայանում և այն, որ համաձայն լրատվամիջոցների հավաստման, Արմեն Սարգսյանը լծվել է կուսակցություն ստեղծելու աշխատանքներին:

Մարտին Հուրիխանյան