Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

Մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որն էլ կայացրել է Մանվել Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը:

Առաջադրված մեղադրանքում Մանվել Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ավելին` դատարանից խնդրել է պարզել, թե այդ ապրանքները ինչպես են հայտնվել իր առանձնատանն ու ամառանոցում:

Դե ինչ, դեպքերը հետաքրքական զարգացում են ստանում, չի բացառվում, որ նմանվի այն անեկդոտային պատմությանը, երբ ապարանցու տանը զենք-զինամթերք են փնտրում ու չգտնելով` ադեից խնդրում են տան մարագն էլ նայել:

Տեսնելով տանկը` խուզարկուներն ասում են` «Ադե, բա ասում էիր տանը զենք չկա՞»:

Ինչ իմանամ, բալա ջան, -պատասխանում է ադեն, -կարող է նախրի հետ էկել, գոմն է մտել:

Մարկ Խանյան