Google ընկերությունում աշխատող փորձագետները մշակել են մի նեյրոցանց, որը ճշգրիտ գնահատում է մարդու մահվան հավանականությունը: Այդ արհեստական ինտելեկտը նաև ունակ է կանխատեսել հիվանդության այլ հնարավոր ելքեր: Այս նոր ալգորիթմի մասին հրապարակվել է Nature հանրահայտ ամսագրում տեղ գտած գիտական աշխատանքում: 

Ինչպես նշում են փորձագետները, ալգորիթմը որոշ դեպքերոմ արդեն հասցրել է առավել արագ և ճշգրիտ կանխատեսել հիվանդի ճակատագիրը, քան ժամանակակից սարքավորումներից օգտվող մի շարք այլ իրավասու մասնագետներ: Վերջինս արդյունավետ է նրանով, որ բավականին կարճ ժամանակում արհեստական ինտելեկտը կարող է վերլուծել ավելի քան 175.000 տարատեսակ պարամետրեր: Նեյրոցանցի ստեղծողները շեշտում են՝ համակարգը կարող է հիշել նույնիսկ մինչ այս համակարգչային տարբեր ծրագրերին անհասանելի տվյալներ, ինչպիսիք են հին PDF ֆորմատի ֆայլեր, նույնիսկ՝ բժշկական քարտեր: Միևնույն ժամանակ համակարգն ունակ է «բացատրել», թե ինչ հիմքերից ու գործոններից ելնելով է կատարվում այս կամ այն եզրակացությունը:

Գիտնականները ենթադրում են, որ իրենց կողմից ստեղծված նեյրոցանցն ապագայում մարդկային կյանքեր կփրկի, նաև կօգնի ընտրել բուժման ավելի արդյունավետ մեթոդներ ու միջոցներ, թույլ կտա բժիշկներին ավելի քիչ ժամանակ ծախսել թղթաբանության վրա, ավելի շատ՝ հիվանդների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելուն: Արհեստական ինտելեկտն ունի նաև ողջ ռեժիմային աշխատանքն իր վրա վերցնելու հնարավորություն, ինչի արդյունքում բժիշկները հինգ անգամ ավելի շատ ժամանակ կունենան կատարելու այն պարտականությունները, որոնցում մարդու անմիջական մասնակցությունը դեռ անհրաժեշտ է:

Նշենք նաև՝ նեյրոցանցի հիմնական գլխավոր առանձնահատկությունը, որը թույլ է տալիս գերազանցել սովորական համակարգչային ծրագրերը, այն է, որ նման ալգորիթմներն ընդունակ են անընդհատ վերապատրաստվել՝ հիմնվելով նոր եզրակացությունների վրա, համեմատել նմանատիպ իրավիճակներում իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության հետ: Հատկանշական է, որ այդպիսի տեխնոլոգիաները բավականին արագ են զարգանում. արհեստական ինտելեկտը նույնիսկ որոշ ոլորտներում գերազանցել է մարդուն:

 

Ալեն Ավագյան