Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի արած ֆեյսբուքյան գրառումը շատերի ու, հատկապես, մեդիադաշտի ներկայացուցիչների մոտ մտահոգություն է առաջ բերել։ Քանի որ վարչապետի գրառման մեջ չէր երևում ո´չ հասցատերը, և ոչ էլ նման կոչ անելու դրդապատճառը, յուրաքանչյուր լրատվամիջոց, որն այս ընթացքում ժամանակավոր կառավարության գործունեությունը միայն դրական լույսի ներքո չի ներկայացրել, չէր կարող բացառել, որ վարչապետի կոչն իրեն էլ է ուղղված։
Գրառման մեջ ասված է. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։
Այդ առիթով վարչապետը լրագրողներին երեկ մեկնաբանություն տվեց, բայց դարձյալ փակագծերը բացել չցանկացավ. «Կարծում եմ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմափանակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի»։
Հետաքրքրական է, որ գրառման տակ արված մեկնաբանություններից դատելով՝ մարդիկ կոչի անորոշ հասցեատերերին փորձել են որոշակիացնել՝ շրջանառելով «Երկիր մեդիա» և «Կենտրոն» ՀԸ-ների անունները։ Վարչապետի մամուլի խոսնակը, սակայն, ժխտել է, որ խոսքը հիշյալ լրատվամիջոցների մասին է։
Ինչևէ, թե որ հեռուստաընկերությունների գործունեությունը չէր դուր եկել վարչապետին, որ նման լուրջ մեղադրանք-որակում է տվել, հուսանք, շուտով պարզ կդառնա։ Իսկ այդ կոչի դրդապտաճառները պարզվելու դեպքում էլ գուցե հստակեցվի՝ ինչ ասել է «հակապետական քարոզչություն», որպեսզի երբևէ հակաիշխանականի հետ չնույնացվի, ու ժողովրդավարության կարևոր հատկանիշներից մեկի՝ ազատ մամուլի գոյությունը չվտանգվի։

Ա.Ս.