Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու ասել, որ ինքը կողմ քվեարկողների մեջ է եղել և որ միանգամայն վատ է վերաբերվում դեմ քվեարկածներին (իմիջիայլոց հետաքրքիր կլիներ իմանալ, թե ազգի խայտառակություն թալանչի գեներալին ո՞ր մի իր նման երեքն է պաշտպանության տակ առել)։ Հարցից, թե ինքն այցելելո՞ւ է անազատության մեջ գտնվող գեներալին, Ս. Ալեքսանյանն անսպասելիորեն վրդովվել է. «Բայց ես խի՞ պտի այցելեմ Մանվել Գրիգորյանին: Իբր չորս տարի շատ եմ այցելել, մնաց հիմա»:
Սամվել Ալեքսանյանի վրդովմունքի մեջ անկեղծության պտղունց կա, քանզի մինչև հիմա մասնավորապես անհայտ է մնում՝ գեներալի մաշընի բարդաչոկի մեջ գցած շքանշանը նա ստացե՞լ է, թե՞ ոչ: Չնայած Ս. Ալեքսանյանը կարող էր և կարևորության տված չլինել իրեն խոստացված շքանշանին: Ինչևէ:
Իմիջիայլոց Սամվել Ալեքսանյանի հետ կապված մի մութ հարց էլ է պատասխան աղերսում: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նրա սիթիների ցանցում անցկացված ստուգումների վերաբերյալ բացահայտումների մասին լրատվությունը կարծես թե ծպտված մնաց: Անգամ մեղք է մտածել, թե ներկայիս իշխանությունները գործել են նախկինների ձեռագրով՝ այն է՝ օբշչակին մուծվեցիր՝ ազատ ես, բայց թե մատրոսովյան գրոհի արդյունքների հրապարակումներն են ախր ուշանում:

Մարկ Խանյան