-Այն ի՛նչն է այն ինչը. կապիտալիզմ չէ ու սոցիալիզմ չէ, քիչ է, դեռ մի բան էլ՝ կողի չի գալիս, որ խոստովանի, թե ինքը ինչ է:

-Ֆեոդալի՛զմն է, հայոց աշխարհում ծաղկող ֆեոդալիզմը:

Ինչո՞ւ: Որովհետև մենաշնորհը, կապիտալիզմն ու բարգավաճ Հայաստանը մեկտեղ ու միասին, նույն հարաբերության մեջ են, ինչ գայլը, գառն ու խոտը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրաասոցիացիան ու Եվրազեսը:

Փաստորեն, ի՛նչ Բագրատունյաց օրոք էր, ա՛յն Բագրատյանից հետո է: Բանն այն է, որ, ըստ իս, Բագրատյանը նոր վարչապետին այցելելու անհաջող փորձ արեց, որ նրան ասեր, թե ինքը ժամանակին հասկանում էր, որ Բագրատունիներից հետո անգամ հասուն ֆեոդալիզմ չտեսած Հայաստանը մի հատ պիտի էդ բանը տեսներ, նոր մյուս բանին՝ կապիտալիզմին անցներ, և ուստի 90-ականներին իր իրականացրած սեփականաշնորհումից հետո, գոյության այդ դաժան կռվում հաղթած գիշատիչներին սանձելու նպատակով, հաջորդ քայլով ինքը պիտի անցներ հակամենաշնորհային օրենքի ընդունմանն ու կիրառմանը, սակայն չհասցրեց. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրաժարականի ենթարկվեց:

Սակայն, ինչպես գիտեք, տնտեսությունը քաղաքականության հիմքն է, բազիսն է, ոտքերի տակի հողն է: Արդյունքում՝ Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ հողը երերաց, հողն իրեն էլ չպահեց: Ու եթե Փոքր Մհերը նմանատիպ իրավիճակում Ագռավաքար մտավ, ապա Տեր-Պետրոսյանը Նոյի ագռավ դառավ՝ երբեմն-երբեմն աղունիկի զամաշկեքով: Այս տնտեսական հիմքը կորցնելու արդյունքում էլ եթե 998 թվականին ամիրա Մամլանն արշավեց Հայաստան, ապա 1998 թվականին Քոչարյանի կլանն ընտրարշավեց Հայաստան: Ու այդ օրից ցօրս Հայաստանում կայո՜ւն ֆեոդալիզմ է: Այսինքն՝ բնաջնջված սոցիալիզմն իր վերջին շնչում իր անեծքը հղեց, հետո նո՛ր շունչը փչեց: Եւ ուստի սոցիալիզմին հաջորդած կապիտալիզմը նե՜նց սրընթաց անցանք, որ ֆեոդալիզմ հասանք, քանզի, համաձայն հիշյալ անեծքի, լրիվ հակառա՛կ ուղղությամբ անցանք… Ու եթե Ռուսաստանում ստեպ-ստեպ «սեմիբոյարշչինան» կամ «սեմիբանկիրշչինան» է իշխանություն վերցնում, ապա մեզանում «սեմիբողարշչինան» իշխանությունն առավ, պոչին խաղացրեց, քացու տակ գցեց… Իսկ «մեծն» Տիգրան Սարգսյանն էլ, կողքից, տասը տարի դոլարի կուրսը նե՜նց ընտիր

խեղդեց, որ տեղական արդյունաբերությունն ու արտահանումը արմատախիլ արեց՝ ձեռի հետ թշվառ ժողովրդի ձեռից կես գնով առնելով դրսից փոխանցվող փրկարար տրանսֆերտները, էդ «բուլյոնով» բյուջեն ու «բյուջետային օլիգարխների» գրպանն ու բանկերը լցրեց, ու իր գործն արած՝ հպա՜րտ ծպտվեց…

Ամփոփենք: Քանի կապիտալիզմը սրընթաց անցած ու ֆեոդալիզմ հասած՝ վաղ նախնադա՛ր չենք հասել, Բագրատյանի կիսատ թողած ռեֆորմը պետք է իրականացնել, թե չէ շուտով էլ տնտեսություն մեկնաբանել հնարավոր չի լինի, քանզի տնտեսություն այլևս չի լինի, իսկ կառավարության նիստն էլ նման կլինի վերը բերած նկարին:

Գեւորգ Ստեփանյան