Ուղիղ դար առաջ դաշնակցական կառավարության օգնության կանչին անգլիացիք հստակ պատասխանեցին, թե իրենց սուզանավերը մեր լեռները չեն կարող բարձրանալ: Բայց քանզի մենք՝ ծովից ծով Հայաստանի ծովաբաղձ սերունդներս, անուղղելի ենք, էլի կանգառում կանգնած՝ Արևմուտքից եկող սուզանավի ենք սպասում, թեպետ անգամ ավտոբուս չկա հորիզոնում (չնայած Երևանյան լճի «առափնյան» զմայլված դիտելիս մեկ-մեկ ինձ թվում է, թե էդ անտերները սուզանա՛վ էլ են բերել, էդտեղ պարտակել):

Դե ինչ, մի բանով գոնե աշխարհում այսօր առաջին տեղն ենք գրավում՝ մեր ԱՄՆ դեսպանատան ծավալով ու զարգացման տեմպերով.

-Ո՛վ ունի, ո՛վ ունի նման «դեսպանատունիկ». անգամ ինքն՝ ԱՄՆ-ն, չունի նման ԱՄՆ դեսպանատունիկ:

Վախ կա, որ էդ «տունիկը» վաղը ոչ միայն Երևանյան լիճը, այլև Երևանը լրիվ իրենով կանի:

Ելնելով համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ մեր ունեցած քաշից ու կարևորությունից, ըստ իս, 5-6 հոգին էդ դեսպանատան համար ծով է. 1500-1600 հոգով հավաքվել, ի՞նչ են անում էդտեղ. լճի տակ մտել զորախա՞ղ են անում, թե՞ Հայաստանն արդեն աշխարհի կենտրոն է հռչակվել՝ մենք չենք իմանում… Ելնելով մեր արտագաղթի ու էդ դեսպանատան աճի այսօրվա տեմպերից՝ վաղը Հայաստանում ավելի շատ ԱՄՆ դեսպանատան աշխատող կլինի, քան մարդ:

Հույսներս հողից սուղ մեր երկրի նոր վարչապետն է. հուսանք, որ Բագրատյանին ինքը չընդունեց, որովհետև զբաղված էր էդ հսկայական դեսպանատան անծայրածիր տարածքների սեփականաշնորհման, հազա՜ր ներողություն, «պետականաշնորհման», այսպես ասած, «ռեպատրիացիայի» ծանր աշխատանքով:

Չարչարանքդ ապաշխարանք, վարչարչարապե՛տ:

Գեւորգ Ստեփանյան