Պատկերացրեք Պուտինի զարմանքը, երբ անակնկալի եկավ իր հավաքականի հինգ գոլից ու խաղից, ապա էդ պատկերացրածի դոզան բազմապատկեք հարյուրով ու կստանաք զարմանքը հայոց ամենօրյա կոռուպցիայից ընդամենն այսօր «անակնկալի» եկած մեր «կոռուպցիաատյացների»:

Նրա՛նց, ում աչքի ու ում հեռուստախցիկների առաջ էին երեկ այդ կոռուպցիոներները հասակ ու իշխանություն առնում:

Այո՛, շինծու զարմանքից առավել նողկալին ճի՛շտ ժամանակին «շինած» զարմանքն է: Ախր երեկ դուք էդ կոռուպցիոներների գցած սեղաններն էիք ձեզնով զարդարում, դրանց ճոխ քեֆերի ուղիղ տրանսլյացիան անում, դրանց խումն էիք ձեր քաղցր ձայնով դնում-քաղցրացնում, բաժակին երգում ու դեմը պարում՝ պպզել-ելնելով:

«Ո՜ւմ մտքով կանցներ», «ո՜վ կպատկերացներ»…

Հայաստանի երեկվա քյահլան հեռուստատեսություններն այսօր ջորի են դարձել: «Խեղճ հարիֆները» չեն իմանում այսօր ո՛ւմ իրենց ծնող, ո՛ւմ մայր հռչակեն, ո՛ւմ հայր հռչակեն, որի՛ն ուրանան, որի՛ց հրաժարվեն՝ երբեմնի քյահլան, կերած-խմած ձիո՞ւց, թե՞ «մյուս…ծնողից»:

Իսկ առավել ապահով չէ՞ առայժմ էդ «մյո՛ւս ծնողին» հենց ծնող հռչակել, սեփական անձն առայժմ իշու տեղ դնել, մինչև գլխի գալիքը տեսնել…

Ողջունելով նոր վարչապետի խիզախ քայլը՝ մաղթում ենք, որ էդ քայլի «տարոսը» մյուսներին էլ լինի , մանավանդ նրանց, ովքեր, իրենց էդ շինծու զարմանքը դեմքներին քաշած, ուզում են՝ նորից ջուր պղտորեն, էդ պղտոր ջրում խխունջի մեջ թաքնվեն ու մարգարիտ ձևանան, որ հանկարծ չիմանան՝ որն է ու որտեղ է տականքը:

Եւ ուստի երկրի այս զգո՛ն «սանիտարության» շարունակականությունը պիտի չուշացվի, հետևողականությունը չկորցվի, որովհետև այս ավելի քան անհրաժեշտ ու

պահանջված բռնոց-բռնոցիների կողքին կյանքի որակի լավանալ ենք ակնկալում, մարդավայել ապրել ենք ուզում ու դա ոչ հեռավոր կամ երազային ապագայում:

Հավատացեք՝ մենք այդպես ապրելու սահմանադրական իրավունքն ունենք եւ այդ հավատով ենք ձեզ բերել, իշխանություն կարգել:

Գեւորգ Ստեփանյան