Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառումն առաջին հերթին աչքի ընկավ որոշ հրավիրյալների բացակայությամբ, որոնց շարքում էր Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ փոխնախագահները: «Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, քանի որ լուրեր էին պտտվում, թե ԱԺ նախագահը չկար հրավիրվածների ցուցակում: Իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցավալի թյուրիմացություն է տեղի ունեցել: Նկատենք, որ միջոցառմանը ներկա չէին նաև ՀՀ երրորդ Հանրապետության նախկին երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
 
Թեմայի շուրջ PrimeNews.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, վերջինս համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանության մեծ մասը չկար հրավիրյալների ցանկում, քանի որ նրանք դեռ մայիսի 2-ից էին կորցրել իրենց լեգիտիմությունը: Իսկ ներկայիս ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որպես տան տեր նպատակահարմար չի գտել նրանց տեսնել 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
«ՀՀԿ-ն քաղաքական իմաստով կորցրել է իր իշխանությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը, չհրավիրելով նրանց, իր քաղաքական վերաբերմունքն է արտահայտել, քանի որ նա լեգիտիմ իշխանություն է և նրան ընտրել է ժողովուրդը, իսկ Փաշինյանն էլ ոնց ուզի, այնպես կանի: Մայիսի 2-ից հետո սրվել է իրավիճակը, նախկին իշխանությունը սկսեց փուռը տալ իր շեֆին, իսկ շեֆն էլ նրանց օգտագործում է ինչպես ուզում է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Շիրինյանը:
 
Իսկ ՀՀ երրորդ Հանրապետության նախկին երեք նախագահների բացակայությունը քաղաքագետը մեկնաբանեց որպես անցյալի տխուր ժառանգություններ, որոնք անելիք չունեն այս երկրում և նրանց՝ միջոցառմանը ներկա լինել-չլինելը, մեղմ ասած, չպետք է հետաքրքրի հանրությանը:
 
Շիրինյանին խնդրեցինք մեկնաբանել նաև Սարդարապատում ՀՀ առաջին անկախացման հարյուրամյակի միջոցառման ժամանակ ՀՀ ՊՆ երգչախմբի երգի և բեմադրված պարի շուրջ քննարկումները, որոնք իրականում նվիրված էին Մեծ Հայրենական պատերազմի 30 ամյակին ("ДЕНЬ ПОБЕДЫ" երգ, 1940 ֊ին գրված «Смугля́нка» պար): «Այս միջոցառման կազմակերպչական հարցերով ՀՀԿ-ն դեռ զբաղվում էր 2017թ-ից, և այս ամենը պարզապես քծնանք էր Ռուսաստանի հանդեպ, որպեսզի վերջինս իրենց պաշտանի»:
 
Արմինե Միքայելյան