Զարմացած է ու զայրացած է երբեմնի մեր Շուշանը Պետրոսյան: Ուշ երեկոյան Երևան դառնալուն պես միացրել է հետուստացույցն ու տեսել, թե ինչպես փառապանծ թիմակցի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի, առանձնատներից հայտնաբերվել են բանակի համար նախատեսված…

Չէ, ավելի լավ է իրեն լսենք:

«…նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: Վիրավորանքից հեկեկում էի: …էրեխեքի նամակները… էն շտապօգնության մեքենան, որ ապրիլյան օրերին փնտրում էինք ու երեկ գտանք… մթերք, հագուստ… Աստված, ո՞նց է ապրել ու ոնց է ապրելու», -տվայտում է հանրապետական երգչուհի պատգամավորը՝ նրբորեն, օրգանիկ ձուլվելու փորձ կատարելով գողոնը հայտնաբերածների շարքերին, երևի արդեն հասկանալով, որ հարազատ կուսակցության նավը ոչ թե կողաշրջված է՝ նորից շտկվելու աղոտ հույսով, այլ վայրկյան առ վայրկյան է սուզվում հատակ:

Այդ տարիքում, երգիչ Շուշան, մարդը խոշոր վրիպումների իրավունք, հավատա, չունի, եթե, իհարկե, մանկամիտ չէ, մի բան, որ քո պարագայում հաստատապես պնդելը մեղք կլինի: Իսկ եթե վրիպել ես, արդար լինենք, վրիպել ես հաշվենկատությանդ մեջ ու այդ իսկ պատճառով ոչ վիրավորա՛նքդ կարող է համոզիչ թվալ, ոչ էլ՝ զայրո՛ւյթդ:

Ինչ վերաբերում է այդ զգացումների քեզ համար շարունակական լինելուն, ցավում եմ, սակայն դրանք ապրելու հիասթափություն դեռ շա′տ ես ունենալու, քանզի քո գաղջ շրջապատից ճաք տված Մանվել Գրիգորյանն ընդամենը սկիզբն է, որ դառանալու է Նիկոլի ասածի պես մեկ, էլի մեկ, էլի մեկ ու այսպես շարունակ մինչև հանրապետականի վերջնական պարպում-մարումը հայոց երկրից, որպես փտախտ, զանգվածային հոգեխանգարմունք:

Մարկ Խանյան