Չսպասելով Ազգային անվտանգության ծառայության կողմից կանչվելուն` ՀՀԿ-ի որոշ անդամների օրինակով տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանից փորձել են հնարավորինս հեռու կանգնել նաև նրա ենթակայության տակ ապրած գազաները, որոնք, ի մասնավորի, հաղորդագրություն-մեղայական են պատրաստել հետյալ տեքստով` խնդրելով վայրկյան առաջ այն դարձնել հանուրի սեփականություն. «Խորապես վշտացած ենք բանակին հասանելիք սննդից անամոթամար մեզ հասցված բաժնից: Մենք այն կերել ենք բացարձակ անգիտության արդյունքում` կարծելով, թե գեներալն իր կերակրաբաժնից է մեծահոգաբար կիսվել մեզ հետ: Ի զորու չլինելով հասարակությանը հասցված մեղքի բաժնից ամբողջությամբ ձերբազատվել, խնդրում ենք ընդառաջել, մեր մեղքը քավելու համար մեզ ուղարկել սահմանի բերան եթե ոչ հակառակորդի գազանների հնարավոր առաջխաղացման դեմն առնելու, գոնե հայոց բանակը մանվելգրիգորյանական վայ գեներալներից ազատելու համար»:

Մ.Խ.