Քաջալերված կառավարության հակաբարեգործական օրենսդրական նախաձեռնությունից՝ բարեգործական աննախադեպ երկունք է ապրում նաև ,,Հայոց ազգային կոնգրես,, կուսակցությունը, որը «մեռյալ հոգիներին» առնչվող ոչ այնքան կենդանի հնչող բաժնում ահա թե ինչ է առաջարկում՝

ա). կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

-ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,

-թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,

-ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:

Մենք առաջարկում ենք այն համեմել գ) և դ) կետերով: Ահավասի՛կ՝

գ) թանաքի դրոշմն ընտրողի մատին 12 ժամից քիչ պահպանվելու դեպքում՝ կտրել, առաջին խախտման դեպքում, ընտրողի ճկույթը, իսկ ռեցիդիվի դեպքում՝ մատնեմատը՝ անպայմանորեն անձեռնմխելի թողնելով բութը, ցուցամատը և միջնամատը, որպեսզի ընտրողը չզրկվի պատասխան հայտնելու իր սահմանադրական իրավունքից, ընդսմին՝ ոչ միայն ամերիկյան, այլև անգամ ռուսական երիցս ավելի մատ պահանջող տարբերակով.

դ) պարտադիր բոլոր ընտրողներին համատարած ենթարկել ԴՆԹ թեսթի, հրաժարվողներին զրկել ոչ միայն ընտրական, այլև հայրական (մայրական) իրավունքից:

Եւ ուստի, հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ, քանի դեռ հիշյալ շնորհներից չեք զրկվել, կանխավ շնորհակալություն ուշադրության համար:

Գեւորգ Ստեփանյան