Մինչ ֆեյսբուքահայության օրակարգում հայտնված վարչական իրավախախտումների համաներման մասին հայտարարությունը բավական ժամանակ է փորձում է վիրտուալ տիրույթում պարզել՝ ովքեր ավելի ուժեղ կգտնվեն՝ օրինապա՞հ թե՞ օրինազանց վարորդները, իսկ համապատասխան նախագիծը սպասում, թե երբ կուղևորվի Աժ, ՀՀ հպարտ քաղաքացիներս շարունակում ենք ապրել «փոխված անփոփոխ իրողությունների» պայմաններում։

 Վերջին շրջանում շատ պոպուլյար դարձած «նոր իրողություններ» ասվածն իրենց ու անցորդների անվտանգությունն առաջնային համարող վարորդների կյանքում սկզբունքներ չփոխեցին։ Երթևեկության կանոնների պահպանումը նրանց համար ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ հետո, նախ և առաջ, անվտանգության երաշխիքներ են, ինչը սակայն չենք կարող ասել օրենքը երբևէ հոժարակամ չհարգած վարորդների մասին։

 Տուգանքների համաներումն ու ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում պատժամիջոցների մեղմացումը կծառայի՞ արդյոք նպատակին՝ հանրության շրջանում ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու մշակույթի ձևավորմանը, հարց է։

 Հետո՝ գուցե, հիմա, հաստատ, այդ մշակույթը շատ հեռու է հայկական երթուղային ցանցից։ Դրա մասին վկայող դեպքերն էլ քչերին ու մեկ-մեկ չէ, որ հանդիպում են։

 Օրերս, սովորականի պես, ավտոբուս էի նստել, բնականաբար, բարեհաջող տեղ հասնելու ակնկալիքով։ Բայց նստելուցս մի քանի րոպե անց, սկսեցի խիստ կասկածել, որ առհասարակ տեղ կհասնեմ։ Ավտոբուսի վարորդը մրցակից երթուղայինին վազանցք անելու համար գործի դրեց, ըստ ամենայնի, էքստրեմալ իրավիճակներում մեքենա վարելու՝ ֆիլմերից սովորած հնարքները։ Ի՞նչ փույթ, թե ավտոբուսում այդ պահին ավելի քան 25 ուղևոր կար, որոնց 1/3-ն էլ երեխաներ էին, կարևորը՝ չկար ո´չ նկարվելու, ո´չ էլ տուգանվելու վտանգ… Բայց սա դեռ ամենը չէ։ Հասարական տրանսպորտի՝ ադրենալինի մեծ չափաբաժին ստացած ուղևորներս ևս մեկ հիասթափություն պիտի ապրեինք. ուղևորուհու կարծես թե սովորական դարձած «այստեղ կարո՞ղ եմ իջնել» հարցին (ի դեպ, կանգառ չէր), հետևեց ինքնագոհ վարորդի խրոխտ պատասխանը. «Որտեղ ուզես, կարաս իջնես, արդեն դեմոկրատիա ա»…

 Ու այդ պահին դեմոկրատիայի մասին բոլորովին այլ պատկերացումներ ունեցող մի կնոջ համբերության սահմանը հատեց՝ իր հետ սրբել-տանելով նաև լավատեսության վերջին փշուրները. «Ե´տ բերեք մեր կաշառակեր ոստիկաններին։ Երբեք չէի մտածի, որ երանի կտամ նրանց, ում դեմ անցկացված բողոքի ոչ մի ցույց բաց չէի թողնում, բայց արի ու տես, որ այն ժամանակ ավելի էր գնահատվում մարդու կյանքը»: Մոտ 40-ամյա ուղևորուհու տագնապալից ձայնն, անշուշտ, հասավ վարորդի ականջին, բայց արձագանք չստացավ։

 Կարգազանց վարորդի պահվածքը գուցե նոր իրողությունների հետ հույսեր կապող շատ ուղևորների հիասթափեցրեց, ինչպես եղավ այդ կնոջ դեպքում, ով ընդամենը երկու ամիս առաջ գրեթե անվերապահորեն հավատում էր, որ նոր իշխանության հետ ամեն ինչ կփոխվի, սակայն ինչպե՞ս պետք է փոխվի՝ օրենքների խստացմամբ կամ մեղմացմա՞մբ, պաշտոնյաներ ու խաղի կանոնններ փոխելո՞վ միայն… Այդպես գուցե ոչ մի իշխանություն էլ երբևէ չարդարացնի հասարակության սպասումները։ Հավանական է՝ այդպես էլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ, եթե ոչ ամբողջ հասարակությունը, ապա գոնե նրա ստվար զանգվածն անձնական պատասխանատվության բարձր զգացում չունի։

Արմինե Սարոյան