Եւ այսպես՝ ,,опять - двадцать пять”… Հազա՜ր ներողություն, հայեցի ասենք, «Լեռը նորից երկնե՜ց, էլի մուկ ծնեց»: Քանզի մեր նոր լե՜ռ-կառավարության օրենսդրական առաջին նախաձեռնության, մասնավորապես, 2-րդ կետն առաջարկում է «արգելել կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

  Սույն ,, двадцать пять’’-ն ու սույն «մուկն» էլ գիտե՞ք ինչն են: Մեր ազգի վրա ընկած նավսն են. ազգովին Սերժի նավթալին դրած նավսից պրծանք‚ Նիկոլի անգլիական աղով հարուստ նավսի տակ ընկանք: Անգլիականի տակ ձեզնից ով աշխարահագրական կողմնորոշում տեսավ, մեր գործը չէ,  ձեր իմանալիքն է: Մեզ մնում է ընդամենն ասել, թե անգլիական աղն ինչ է: Հե՜չ, ընտի՜ր լուծողական, որովհետև եթե լուծողական չլիներ, ըստ նոր կառավարության օրենսդրական հիշյալ առաջին նախաձեռնության, մասնավորապես, 2-րդ կետի չէր առաջարկվի «արգելել կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

  Եթե սույն օրենքը հանկարծ ընդունվի, ուրեմն, հայոց իմ հեղափոխակա՜ն զանգվածներ ջան, մեր նոր կառավարությունը հենց կամենա նորից ընտրվել (ականջդ կանչի, երկրորդ նախագահ), «իշտահներդ՝ քացախ», թե մի բան ձեզ խոստանա:

  Ո՜նց ինչ նոր բան: Ասինք՝ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ:

Իշտահներդ քացախ նաև (հիմա էլ էն մյու՜ս ականջդ կանչի, հիշատակված նախագահ), թե քեզ, ժողովուրդ ջան, նոր կառավարությունդ, ելնելով իր նոր օրենսդրական նախաձեռնությունից, մի հատ քո՛ռ ծառայություն մատուցի: Ինչո՞ւ: Որովհետև նոր օրենքը դրա համար իրենց պատասխանատվության կկանչի:
  Ըստ սույն նոր օրենքի տառի, եթե նախընտրական նոր շրջան եկավ, ա՛յն իշխանության կուսակցությունը, որը հանկարծ կկամենա նորից ընտրվել, պիտի դադարեցնի մատուցել ամեն կարգի ծառայություն. զորօրինակ՝ աղբահանությունը, բուժսպասարկումը, ջրամատակարարումը: Հակառակ դեպքում այդ նույն օրենքով այդ մատուցելը նախընտրական կաշառք կհամարվի:

  Նախընտրական այդ դաժան օրերին, բնականաբար, կտրականապես կդադարեցվեն նաև բոլոր կարգի կենսաթոշակների վճարումները, ցանկացած էժան ապրանքի հայտնվելը խանութում նույնպես նախընտրական կաշառք կհամարվի, ու Հայաստանը կդառնա… Վասյուկի: Իսկ որտեղ Վասյուկի, էնտեղ մեծ կոմբինատոր: Իսկ սա նշանակում է, որ մեր կառավարությանը հարող հրապարակը կունենա իր երկարաբաղձ արձանը: Երևի գուշակեցիք, թե ում տեսքով:

Գևորգ Ստեփանյան