PТ-ի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնին ու ի մասնավորի նկատել. «Քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է, որովհետև սահմանին Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է ստանում (1000 խմ-ի դիմաց 150 դոլար), սակայն սահմանից մինչև սպառողների տուն հասնելը գազի սակագինը կրկնակի աճում է (գազը վերջնական սպառողին հասնում է 290 դոլարով): Մենք պետք է Հայաստանի ներսում քննարկենք այս խնդիրը և հասկանանք: Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին»:

Վերն ասվածն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացնի (բազմիցս է խոսվել սահմանից սպառողին հասնելու ճանապարհին գազի գնի աճի, այդ աճի գործընթացում կառավարության աճպարարության մասին՝ մեղա-մեղա, հանկարծ էն երիտհանրապետական Կարեն Ավագյան գլուխ ունեցող երիտասարդական հիմնադրամի օրինակով մի քյալլագյոզություն էլ էստեղից դուրս չկա), եթե չլիներ վարչապետի հավելումն այն մասին, որ չնայած Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց և այնպես մենք ավելի բացառիկ գին ենք ուզում:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ եթե եղածից ավելին ես ուզում ու ստանում, մեջտեղը դիմացինին ինչ-որ բաներում զիջելու պարտադրվածություն ես ունենալու անխուսափելիորեն, եթե անգամ սիրուն աչքերի տեր ես: Նախկին իշխանությունների ձեռամբ Ռուսաստանի հետ հարաբերություններում, պատկերավոր ասած, մենք լավ էլ պառկած էինք մեջքի վրա: Հիմա թե եղածն ինչով է փոխարինվելու, գիտի միայն մեր դուխով վարչապետը, իսկ մենք պատավոր ենք հուսալով նրան հավատալ, քանզի այդպիսին է ժամանակի հրամայականը: