Մոսկովյան այս վերջին այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայկական եկեղեցի, որի դռների մոտ, ի պաշտպանություն Հայաստանում ընթացող հեղափոխական խմորումների, սրանից արդեն մոտ երկու ամիս առաջ հավաքվել էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Անակնկալ հայտնված ոստիկանները ոչ միայն բռնի ուժով ցրել էին խաղաղ ցույցը, այլև հավաքել էին նրանց ու, լցնելով մեքենաները, տարել մոսկովյան ոստիկանության բաժիններ: Այն ժամանակ տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանության անակնկալ հայտնվելու պատճառը եկեղեցու հոգևոր այրերն էին եղել, որոնք իբր այս ստորությունը քիչ է, փակել էին նաև եկեղեցու դռները` ցուցարարներին չթողնելով պաշտպանություն գտնելու ակնկալիքով մտնել ներս ու եկեղեցու բակում կատարվածին «անմեղորեն» հետևել դռների արանքից ծիկրակելով: Ահա հենց այս հոգևոր դասի «հզոր» փաղանգն է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի` Ամենայն հայոց կաթողիոս Գարեգին Բ-ի հարազատ եղբոր գլխավորությամբ դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու իր սիրո և խոնարհության հավաստումները լայնափեշ փռել նրա առաջ:

Նկատենք, որ ապրիլի 22-ի ցույցի առնչությամբ մոսկովյան դատարանները 24 հայի տուգանեցին 10-հազարական ռուբլով ու դա բնավ մոսկովյան մեր հոգևոր դասի եզրասյան տիպին չանհանգստացրեց ոչ բարոյական, ոչ էլ ֆինանսական առումով: Բարոյականության մասին չխոսենք, որովհետև բարոյականը բարոյականի մասին գիտակցումով ապրող շրջապատում պիտի փնտրել: Ինչ վերաբերում է ֆինանսականին, այդ 24 անգամ 10.000-ը նրանց համար ի˜նչ մի գումար է, որ անհանգստանան եկեղեցում այդպես էլ չվառված մոմերի համար: Այդ մանր-մունր գումարները հոգևոր այդ այրերը թեյաբաժնի տեսքով կստանան տեղի հարուստներից մեկի ընտանիքին հարսանիքի, կնունքի, ծնունդի, այլնի տեսքով ծառայություն մատուցելով` ի˜նչ մի խնդիր է:

Եվ իսկապես էլ ի˜նչ մի խնդիր է իշխանությանը քսմսվելը, նրա առաջ մեջք ծռելը, խոնարհումի ու հնազանդության ցուցադրումները ու ի˜նչ նշանակություն ունի, թե երեկ այդ իշխանության գլխին Սերժ էր, այսօր` Նիկոլ, վաղն էլ Աստված գիտի թե ով: Կարևորը փարաջան հագին լինի, կնգուղը` գլխին, խաչը` ձեռքին ու ի~նչ հոգ է, թե հոգևոր խոնարհումի այս ատրիբուտները ծառայում են միանգամայն այլ նպատակների:

Մարտին Հուրիխանյան