Հայաստանի ազգային հավաքականի ու շվեդական «Յուրգորդեն» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզիկը վիրահատվել է ու շարք վերադառնալու համար նրանից պահանջվում է վերականգնման չորս ամիս. «Ինձ  դժվար  չորս ամիս է սպասվում, սակայն ամեն ինչ կանեմ հարյուր տոկոսով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին բարի մաղթանքների ու աղոթքների համար: Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին ու ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն իսկ ինձ մղում է վարժությունները սկսելուն, վիրահատությունից երեք ժամ անց: Ես կվերադառնամ»:

Մովսիսյանը վնասվածքը ստացել էր Շվեդիայի առաջնության իններորդ տուրի խաղում, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ չէր կարողացել մասնակցել Հայաստանի ընտրանու հավաքներին: Հիշեցնենք, որ նա հավաքական էր հրավիրվել երկարատև ընդմիջումից հետո: