Երբևիցե Հայաստանում եղե՞լ է մի տնտեսական, քաղաքական, հասարակական ուժ, անհատ, կուսակցություն, միավորում կամ շարժում, որ գործել է հակառակ այս սկզբունքի:

Պատասխանը միանշանակ բացասական է, եթե, իհարկե, գենետիկ կոդը խաթարված չի եղել, արյունը` պղծված:

Սակայն այս դեպքում հարց է առաջանում` բա ինչո՞ւ շարունակաբար իշխանություն, ինքնուրույնություն կորցրած երկիր ենք եղել առավելապես ու թե եղել ենք հակառակը, եղել ենք հատվածաբար ու կարճ ժամանակով:

Գաղտնիքը մեր մեջ է, որ ներսում ներսը չզգալով, ներսում առանցքը` ողնաշարը, չկարևորելով` ապավինել ենք դրսին, օտարին ու նրան մեր տան մեջ բերել, կարգել մեծավոր:

Հիմա կարծես թե մեզանում մեր ներսը զգալու, մենք մեզ կենտրոն ունենալու ժամանակի հոլովույթում ենք: Բնականաբար հրաշալի զգացողություն է, սակայն տա Աստված, որ այն չբերի արբեցումի, քանզի անխուսափաբար վրա հասնելիք խումհարը հերթական անգամ ցավագին է լինելու և գուցե թե նաև անվերադարձ ու անդարմանելի:

Ուրեմն խնդիրը հանուն Հայաստանի գործելու մեջ է, ու ամեն ինչ պիտի արվի այդ «հանուն»-ը սեփական նեղ պատկերացումների, նեղ խմբակային ընկալումների մեջ չառնելու, սեփական անձի վերաբերյալ գերագնահատված պատկերացումներ, գնահատականներ չունենալու համար, քանզի այս զգացողություններից են ածանցվում, գումարելի դառնում հատկանիշներ, որոնք բերում, հասցնում են բռնապետության:

Հանուն Հայաստանի գործելը գերագույն պատասխանատվություն է, ու տա Աստված, որ սա մշտապես լինի թավշյա, սիրո և հանդուրժողականության հեղափոխության առաջնորդող ուժ: