Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը կանցկացվի հունիսի 13-ին, ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11.00-ից մինչեւ 11.40: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ քվեաթերթիկում առկա է մեկ անուն՝ Ելիզավետա Դանիելյան: Պատգամավորները կարող են նրան կողմ կամ դեմ քվեարկել:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Հիմա արդեն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

Նկատենք, որ ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

Եթե Ելիզավետա Դանիելյանը եւս չստանա 63 կողմ ձայներ, ապա կստացվի, որ ՍԴ-ում երկու տեղ թափուր կմնա:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է: