Կառավարությունում պաշտոնների բաժանման իսկական հրավառություն է սկսվել։ Նորերի զգալի մասը «կուսական» կենսագրությամբ է մուտք գործում գործադիր մարմին։ Տպավորություն է, թե ՔՊ-ում հատուկ խումբ են պահում, որը մասնագիտացված ուսումնասիրում է թեկնածուների տոհմածառը՝ երբեմն գտնելու ու բացառելու ոմանց նշանակումը, որոնք պորտալարային գեթ մեկ աղերս ունեն հանրության մեջ ոչ այնքան ընդունելի պերսոնաժների հետ։ Սակայն ոմանց պարագայում այս մեխանիզմն էլ չի գործում, քանի որ նրանք թիմի նվիրյալն են, փողոցում առաջինը «պառկածն» ու անհնազանդությունների առաջամարտիկը։

Նրանցից Տիգրան Մազմանյանը, մեր տեղկություններով, մոտ օրերս պաշտոն կստանա Անվտանգության խորհրդում, որի նորանշանակ քարտուղարը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է։ Տիգրան Մազմանյանը հանրության շրջանում հիշվեց Հանրային ռադիոյի շենքում իրականացված «օպերացիայի» արդյունքում։ Նա կալանավորվել էր ապրիլի 20-ին հենց այդ գործով։ Սակայն 4 օր անց, երբ «հեղափոխականների» հաղթանակն անխուսափելի էր, փոխվեց նրա խափանման միջոց կալանքը։ Տիգրան Մազմանյանը տարբեր տարիներին որպես լրագրող թղթակցել է Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթին, Shamshyan.com կայքին և այլ։

Նա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի քրոջ որդին է։ Մամուլում տարիներ առաջ բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինիս պաշտոնանկությունը կապված էր մի շարք չարաշահումների հետ։ Տարբեր առիթներով գրվեց ու հոլովվեց հենց Փայտյանի անունը բանակում հայտնաբերված հնդկական գոմեշի մսի վերաբերյալ աղմուկի շրջանակներում։

Լևոն Բակունց