Կառավարության նախորդ նիստում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընդունվել է աշխատանքի վերադառնալ ցանկացող մինչև երկու տարեկան երեխաների արձակուրդում գտնվող մայրերին պետության կողմից աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ ծրագիրն արդեն գործում է և մայրիկները կարող են արդեն գրանցվել։ Այս ծրագիրը դեռ շրջանառության մեջ է դրվել նախորդ տարվանից և քննարկումների առիթ է դարձել, հատկապես թղթաբանական քաշքշուկների և «մի քանի հազար դրամ» ավելի գումարի համար։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշում է․ «Արդյունքում, մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով»։ Այսինքն տվյալ ծնողներին առաջարկվում է երեխային խնամելու համար դայակ վարձել՝ իր աշխատանքին վերադառնալու համար։ Սակայն այս ծրագրի համար նախարարությունն ունի ընդամենը 200 տեղ, իսկ թվի գերազանցումից հետո նախապատվությունը կտրվի՝ ըստ որոշ չափորոշիչների։ Չմոռանանք նշել նաև, որ տվյալ ծրագիրը նախատեսված է ծերերին խնամելու համար վարձվող դայակների դեպքում ևս։
 
Այսպիսով՝ պետությունը պարաստակամ է վճարել այդ դայակի աշխատավարձի 50%-ը յուրաքանչյուր տարի 11 ամիս, բայց ոչ ավելի, քան ամսական նվազագույն աշխատավարձի չափը, որը 55 000 դրամ է: Սակայն սա դեռ ամենը չէ, ու մայրերը նախանձելի վիճակում չեն հայտնվում, քանի որ աջակցության տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո սկսվում է թղթաբանական քաշքշուկների մի շարասյուն․ տեղեկանքներ, պայմանագրի կրկնօրինակներ, բանկային հաշվի տվյալներ և այսպես շարունակ։ Ընդ որում մեկ կամ երկու օրով չի ավարտվում այս թղթաբանության հարցը, այլ պայմանագրի կնքումից հինգ օր հետո սկսվում է մինչև պայմանագրի ավարտը։ Սա իր հերթին։
 
Ինչպես արդեն նշել էինք, պետությունը կվճարի առավելագույնը 55000 ՀՀ դրամ, իսկ մնացածը ծնողի պարտականությունն է, ինչպես նաև ծնողը պետք է դայակի համար պետությանը հարկ վճարի, որը կկազմի մոտավորապես 25-30000 ՀՀ դրամ։ Ստացվում է, որ ծնողը պետության տրամադրած գումարի կեսը ետ է վերադարձնում, և փաստացի իրեն նախկին 18000 վճարվող գումարի փոխարեն մնում է, ինչպես մի շարք մայրիկներ են ասում՝ «մի քանի հազար դրամ ավել և ամենամսյա քաշքշուկ» պայմանագրերի կնքման, աշխատավարձի վճարման և այլնի համար։
 
Այսինքն, պետությունն այս քայլով ուզում է երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծնողներին աշխատանքի վերադարձնելով դարձնել հարկատու, և փաստացի հարկային դաշտում դայակներ ևս ունենալ։ Իսկ աշխատող մայրերի հաշվին աշխատատեղեր ստեղծել՝ տարեվերջում «թիվ ապահովելու» համար։
Սա, իհարկե հարցի մի կողմն է, դիտարկենք մյուս կողմը ևս։
 
Աշխատող մայրերին պետության կողմից տրամադրվելիք գումարը, ըստ ամենայնի, նաև նպատակ է հետապնդում ստվերային դաշտում առկա դայակ-ծնող (գործատու) համագործակցույթյունը հասցնել իրավական և հարկային դաշտ։ Այսինքն սա նաև արվում է դայակների աշխատանքային ստաժն ապահովելու և բոլոր գործողությունները իրավական դաշտում իրականացնելու նպատակով։ Քանի որ, ըստ նախարարության, դայակների կողմից անընդհատ հնչում են բողոքներ, որ այդքան աշխատելու և աշխատանքային ստաժ չունենալու հետևանքով չեն կարողանում ստանալ թոշակ։
 
Արմինե Միքայելյան