Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հայտարարությունը և պատրաստակամությունը նախարարությունը Գյումրի տեղափոխել ոչ միանշանակ է ընդունվել Մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից: Ներսում քննարկումներ են գնում, որ ամեն կերպ բոյկոտեն հնարավոր տեղափոխման հեռանկարն անգամ: Առանձին քննարկումներ են գնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերում:

Հին աշխատակիցները դա համարում են անհնար և շատ ծախսատար, ինչպես նաև վախենում են կորցնել իրենց աշխատատեղը և չլինել տեղափոխված նախարարությունում: Երիտասարդներն ավելի զուսպ են իրենց քննարկումներում, սակայն բավական կասկածամտորեն են վերաբերում այդ հայտարարությանը, այն համարելով ներկայացումից հուզված նախարարի բարի և չհաշվարկված էմոցիոնալ պոռթկում, առավել սկեպտիկներն այն համարում են պոպուլիստական հայտարարություն:

Հիմա նախարարությունում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և գտնել իրենց միջի զանգ կախողին և գործուղել նախարարի մոտ հայտարարության հետագան իմանալու համար: