Երեկ նախագահի հրամանագրով՝ Հրաչյա Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Գրիգորի Հայրապետովը: Ով է Գրիգորի Հայրապետովը:
 
Գրիգորի Ալբերտի Հայրապետովը գնդապետ է, մինչեւ վերջերս Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետ (բաժինը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր):
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:
 
Ծառայել է Խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:
 
Նշենք, որ Հայրապետովը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր, ապահովել է Հայաստանի երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Մամուլին հայտնի է, որ հենց նա է միջնորդել, որպեսզի բարեկամուհին՝ Աննա Ստեփանյանը, ով Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր, դառնա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ: