Բոլոր տոտալիզատորները կհրաժարվեն խաղադրույք ընդունել, որ ՀՀԿ-ն այս կիրակի ընտրությունների դեպքում կմտնի ԱԺ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն հանրապետականները հնարավոր է բաժանվեն երեք խմբի, որոնց մի մասը առանձին քաղաքական միավոր կգրանցվի եւ կանցնի Վիգեն Սարգսյանի ղեկավարության տակ, առավել ռուսամետ տրամադրված մասը իր քաղաքական ապագան կկապի Կարապետյան ազգանվան հետ, իսկ այսպես ասած՝ կորիզ կազմող հանրապետականները կմնան եւ նրանց կառաջնորդի արդեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Սակայն այս եղանակն էլ կարծես չի գոհացնում, Վիգեն Սարգսյան, Կարապետյաններ, Տարոն Մարգարյան տարբերակներն էլ ընդամենը միմյանցից ձայներ կորզելով կզբաղվեն՝ փնտրելով երբեմնի գնված լոյալությամբ էլեկտորատի մասունքները:Սրան զուգահեռ կան խոսակցություններ, որ նոր քաղաքական ուժ հնարավոր է ստեղծվի գալիք ընտրություններին ընդառաջ, առանց մանրամասներ ներկայացնելու։

Ավելորդ ենք համարում քննարկել ՀՀԿ-ն լքած Խաչիկ Ասրյանն էլ «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կենդանաբանական այգու թռչունների վանդակ հիշեցնող իբր ստեղծվելիք կուսակցությունից: Ամենածիծաղելին սակայն այն է, որ օրինակ ՕԵԿ-ից դուրս եկած երիտասարդ ների և ակտիվ կուսակցականների արարքը ոչ առնետավազք որակվեց, ոչ դավաճանություն՝ այսպիսով հասկանալի դարձնելով, որ քաղաքական դիակի հետ գործ ունենք ընդամենը: Օրեր առաջ տողատակերով խոսվեց, որ քաղաքական դաշտը պետք է օպտիմալացվի։ Սա ոչ միայն օրվա հրամայական է, այլև կուսակցությունների շուկան թարմացնելու, ընտրողի տրամադրությունը շոշափելու ճիշտ եղանակ:

Կուսակցություններն էլ ճտերի պես են ու աշնանը հաշվելու իմաստուն եղանակը նրանց պարագայում էլ է ամենագործունակը:

Սամվել Մելիքյան