Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք  ներկայացրել էր հրաժարականի դիմումը, նրա փոխարեն նշանակվեց Գագիկ Միրիջանյանը։ Իսկ հիմա, արդեն որպես նախկին մարզպետ նա իրեն համարում է «անկախ ու ազատ Հայաստանի հպարտ քաղաքացի»։ Այսպես մեկնաբանեց պարոն Ղահրամանյանն իր կարգավիճակը մեզ հետ զրույցում։
 
 
Ներկայիս մարզպետի մասին չցանկացավ խոսել պարոն Ղահրամանյանը, այլ պնդեց, որ Միրիջանյանի մասին պետք է մարզի բնակչությունը գնահատական տա առաջիկայում։ Մեր զրուցակիցը մարզպետի պաշտոնից ազատվելը և՛ պահի թելադրանք է համարում, և՛ սեփական ցանկություն․ «Համենայն դեպս ես մարզպետի պաշտոնին եմ եկել նախորդ իշխանության օրոք, և նպատակահարմար եմ գտնում , որ ներկայիս իշխանության եկածները պետք է իրենց թիմով ղեկավարեն, տարատեսակ աշխատանքներ իրականացնեն»,- այսպես է մեկնաբանում Արմավիրի նախկին մարզպետը։

Մեր զրուցակիցն անկեղծացավ իր կիսատ թողած գործերից ևս։ Ըստ նրա՝ դեռևս կիսատ թողած 2 ծրագիր ունի, որոնց վրա աշխատել է 2,5 տարի շարունակ․«Շուտով այդ ծրագրերը վերջապես կիրականացվեն, իսկ թե ինչի մասին է խոսքը, դա էլ թող անակնկալ մնա (ծիծաղում է․խմբ․)։
 
Աշոտ Ղահրամանյանի խոսքով, նա այսքան տարի ծառայել է իր ժողովրդին և ամեն ինչ արել է «հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդին»։ Մեզ հետ զրույցում վերջինս մի քանի անգամ շեշտեց, որ թող իր մարզի բնակիչները ներեն իրեն, եթե որևէ սպասելիք չի արդարացրել։

Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մի առիթով ասել էր, որ «Սերժ Սարգսյանի հետ եկել է, նրա հետ էլ գնալու է», բայց ինչպես տեսանք պարոն Ղահրամանյանի հրաժարականի դիմումը մեկ ամսից ավել ձգձգվեց։ Այս թեմայով մեր հարցադրմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Ինչպես ես, այնպես էլ մի շարք այլ ՀՀԿ ներկայացուցիչներ պարզապես չէինք կարող միանգամից հրաժարական տալ։ Ինչպե՞ս կարող էինք միանգամից հրաժարվել մեր պաշտոններից, հատկապես ես այս քայլին գնացել եմ օգնելու համար ներկայիս իշխանությանը, քանի որ դաշտը միանգամից դատարկ թողնելը խելամիտ քայլ չէր, չէ՞ որ մենք ծառայում ենք ժողովրդին և մեր քայլով հնարավորինս աջակցել ենք նոր իշխանության ներկայացուցիչներին»։

Ինչպես նաև տեղեկացրել էինք, Աշոտ Ղահրամանյանի որդին՝ Կարեն Ղահրամանյանը վերջերս ազատվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից։ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվեցինք նաև նրա որդու՝ պաշտոնից ազատման մասին, սակայն նախկին մարզպետը չցանկացավ մեկաբանել որդու քայլը, միայն նշեց, որ « Իր որդին գործի գիտակ էր ու բանիմաց ղեկավար»։ Ըստ Ղահրամանյանի, եթե նոր իշխանության կողմից լինեին առաջարկներ, միանշանակ իր որդին հրաժարական չէր տա և կընդուներ առաջարկը։

Վերջում մեր զրուցակիցը անկեղծացավ, որ առաջիկա 2-3 շաբաթը իրեն լիարժեք տրամադրելու է ընտանիքի անդամներին, երեխաներին և թոռներին, իսկ թե առաջիկայում ինչով է զբաղվելու «թող էլի անակնկալ մնա»։

Արմինե Միքայելյան