shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի10-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Ռաֆայելյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 5-ին Վանաձորում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագողը, հունիսի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար՝ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել էր նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել էին 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորը գտնվում էր ծանր վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: