Կիրակի՝ հունիսի 10-ին, ՀՀ 18 համայնքներոմ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ էին։   Նման ընտրությունները սովորաբար լինում են հիմնականում ոչ առանց հանրային լայն զանգվածների ուշադրության սեւեռման։ Սա էլ բացառություն չէր, սակայն կարեւոր մի հանգամանք կա, որը չի կարելի չարձանագրել։

Փաստորեն, զուտ որպես ընտրական գործընթաց, սա առաջինն էր, որ տեղի ունեցավ Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, այսինքն թե՝ առաջին ընտրությունը Նոր Հայաստանում եւ այս ասպեկտով, եթե ամփոփենք, բավական հետաքրքիր էր։ Նախ, Այգեզարդում առաջադրված Փաշինյանի կուսակից թեկնածուն պարտություն կրեց, թեեւ վայելում էր կուսակից մարզպետի աջակցությունը։

Պայմանականորեն ասած՝ հանրապետականների Հայաստանում, օրինակ մի փոքր դժվար է պատկերացնել, որ հանրապետական թեկնածուն վայելելով հանրապետական մարզպետի աջակցությունը, կարող էր պարտվել։ Այսինքն՝ վարչական միջամտություն, որպես այդպիսին չի եղել։ Չի եղել նաեւ գործող գյուղապետերի ռեպրոդուկցիա, ընտրակաշառք եւ այլ նման արատավոր երեւույթներ։ Ամենակարեւոր առաջընթացը, որը կարող ենք ասել, ունեցանք երեկ ընտրությունների մեր պատմության մեջ այն էր, որ մայրաքաղաքային միջամտություն չեղավ։ Այսինքն, ով արժանավոր էր, կարողացել էր բնակչի քվեն շահել՝ ընտրվեց։ Այս ամենը կարեւոր հանգամանքներ են եւ անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտը երեկվա ՏԻՄ ընտրությունների ձեռքբերումները ֆիքսի, եւ վերածի քաղաքական կապիտալի, ինչի անհրաժեշտությունը շատ կա։

Սամվել Մելիքյան