Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս. Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին, և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

 

Այսօր ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվեց որոշման նախագիծը։ Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանը, հանձնաժողովում դրական եզրակացություն է տրվել նախագծին, հետևաբար այն կընդգրկվի ամսի 18-ի նիստի օրակարգում։

«Հանձնաժողովի նիստում երեք հոգի է եղել ներկա՝ ԳԱԼԱ-ից, ԲՀԿ-ից և «Բալասանյան» դաշինքից։ Երեք կողմ ձայնով որոշումն ընդունվել է՝ Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից։ Իսկ Գորիկ Հակոբյանի պահով եղել է երկու կողմ, մեկ ձեռնպահ։ Վերջինը «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչն է եղել՝ պատճառաբանելով, որ «մեռած մարդ է»։ Անկախ ամեն ինչից՝ ամիս 18-ին բոլոր նախագծերը լսվելու են և առանձին-առանձին դրվելու են քվեարկության»,- մանրամասնեց ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ավագանու նիստում առնվազն 17 հոգի պետք է նախագծին կողմ քվեարկի, որպեսզի այն ընդունվի․ «Թե ինչպիսի որոշում կընդունեն՝ չեմ կարող ասել։ Մենք մեր հայտարարությունը տվել ենք և կոչ ենք արել մյուս խմբակցությունների մեր գործընկերներին, որպեսզի կողմ քվեարկեն»։

Մկրտչյանի կարծիքով՝ երբեք հասարակական պահանջ չի եղել Սարգսյան եղբայրներին, Ռոբերտ Քոչարյանին և Գորիկ Հակոբյանին տալ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։ «Ընդհանրապես, Լևոն Սարգսյանին երբ շնորհեցին Գյումրու պատվավոր քաղաքացի, բավական աղմկոտ ընդունվեց որոշումը։ Սամվել Բալասանյանն էր այս նախագիծը բերել ավագանու օրակարգ։ Մեզանից առաջ նախորդ ավագանին այն ընդունեց, և հասարակական մեծ դժգոհություն ի հայտ եկավ։ ԳԱԼԱ-ն այդ ժամանակ դեռ կուսակցություն չէր, բայց մենք ստորագրահավաք նախաձեռնեցինք»,- շեշտեց ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամը։

Նա խմբակցության տեսակետը հայտնեց, համաձայն որի՝ պատվավոր քաղաքացիները իրենց ծառայությամբ պետք է արժանի լինեն կոչմանը․ «Գյումրեցի կոչումը շատ կարևոր է, գյումրեցիները շատ նախանձախնդրորեն են վերաբերվում այս հարցին։ Շառլ Ազնավուրի և մյուսների կողքին այնպիսի մարդկանց է պատվավոր կոչում շնորհվել, որ չգիտեմ։ Հարցը պետք է անպայման գոնե քննարկվի ավագանու նիստում»։