Օլիգարխ Սամվել Ալեքսանյանի գործերը խառն են, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի առաջին զոհերից եղավ: ԱԱԾ-ն սկսեց ստուգումներ Երեւան սիթիներում եւ հայտնաբերեց խոշոր չարաշահումներ: Դեռ մի անհաջողությունից աչք չփակած՝ Սամվել Ալեքսանյանը հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում: Նրա ընտանիքին պատկանող հիվանդանոցում՝ Աստղիկ բժշկական կենտրոնում երեխա է ծնվել մահացած:

Հունիսի 8-ին՝ ժամը 12:50-ին քաղաքացին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ հունիսի 7-ին ընկերոջ կնոջը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը ծննդաբերելիս երեխան մահացած է ծնվել, որի համար կասկածում են, որ մեղավորը բժիշկներն են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Այս դեպքից հետո արշալույսները ամենեւին էլ խաղաղ չեն Աստղիկ բկ-ի ծննդատանը, բժիշկները շիվար են, չգիտեն՝ ինչպես կարող էր նման դեպք լինել: Նրանք վստահեցնում են, թե ուլտրաձայնային հետոզոտության նախորդ օրվա արդյունքում երեխան լավ էր, բժիշկն էլ ասել էր, թե դեռ ժամանակը չէ: Կինը, ով երեք աղջիկ ուներ եւ սպասում էր որդու ծննդին, ծննդալուծել են կեսարյան հատմամբ: Պարզվել է՝ երեխան մահացած է, այդ մասին հայտնել են երեխայի հորը, ով. բնականաբար, իրեն կորցրել է տեղի ունեցածից: Ասում են՝ անմիջապես ոստիկանները լցվել են հիվանդանոց, ըստ ամենայնի՝ «թափով մարդիկ են, ուժային կառույցներում էլ ընկերներ ունեն»:

Հիվանդանոցի ծննդատանը նեղսրտած են տեղի ունեցածից, դեռ սպասում են՝ փորձաքննությունների արդյունքներին, որպեսզի պարզվի, թե ինչ է եղել: Սակայն նրանք մտավախություն ունեն, որ այս դեպքի պատճառով ծննդատունը կփակվի, առանց այդ էլ Սամվել Ալեքսանյանը պատեհ եւ անպատեհ առիթներով միշտ սպառնացել է, թե իրեն այդտեղից որեւէ օգուտ չկա, ամբողջը պետպատվեր է, կարող է փակել եւ թողնել հիվանդանոցի մյուս բաժանմունքները, որտեղ վճարովի են ծառայութունները:

Ի դեպ, վերջին ամիսներին նրանք սկսել են աշխատավարձ ուշ ստանալ, աշխատակիցները նշում են, որ եթե նախկինում ամեն ամսվա 15-ին էին ստանում աշխատավարձ, այժմ ստանում են 20-21-ին:

Հավելենք նաեւ, որ Սամվել Ալեքսանյանի պապիկ դառնալու կապակցությամբ գործարարը նախատեսել է այսօր իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում մեծ խնջույք, որին հրավիրված է հիվանդանոցի ամբողջ կոլեկտիվը՝ մոտ 300 հոգի: