Օրերս աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Primenews.am-ին հասած տեղեկություններով՝ այդ պաշտոնին հնարավոր է նշանակվի Վճռաբեկ դատարանը զինվորական եւ քրեական գործերով պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին՝ Սասուն Խաչատրյանը: Նա տարիներ ի վեր աշխատել է դատախազությունում, այժմ զբաղվում է փաստաբանությամբ, «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:
 
Ներկայացնում ենք iravaban.net կայքին տված նրա հարցազրույցից մի հատված:

-Պարոն Խաչատրյան, խնդրում եմ պատմեք գրասենյակի գործունեության մասին, ե՞րբ է այն հիմնադրվել, իրավունքի ի՞նչ ոլորտներում է մասնագիտացած:

 -Գրասենյակը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 4-ին, հիմնադիրը Մհեր Խաչատրյանն է, ով երկար տարիներ դատական ատյաններում զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, վերաքննիչ դատարանի նախագահ, Արաբկիր վարչական շրջանի դատարանի նախագահը: Մինչ այդ նաև փաստաբանությամբ է զբաղվել: Եվ որոշել է թոշակի անցնելուց հետո իր փորձն ու գիտելիքները ներդնել այս ոլորտում,  հիմնադրել է «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը:

Հիմնական ուղղվածությունը քրեական գործերով իրավաբանական օգնությունն է: Այս պահին քաղաքացիական և վարչական գործերով մենք չենք զբաղվում, այդ դեպքերում համագործակցում ենք այլ փաստաբանների կամ իրավաբանական ընկերությունների հետ, ովքեր մասնագիտացած են քաղաքացիական, վարչական իրավունքի ոլորտում: Մեր խնդիրը որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելն է: Նապոլեոնն է ասել, որ չկա ավելի մեծ անբարոյականություն, քան ստանձնել մի աշխատանք, որն անել չգիտես:

Քրեական գործերով անխտիր բոլոր դեպքերում կարող ենք ապահովել պատշաճ պաշտպանություն, նաև ներկայացուցչություն, եթե խոսքը քրեական գործերով ներգրավված տուժողների կամ քաղաքացիական հայցվորերի մասին է:

-Ըստ Ձեզ, ինչու՞ պիտի քաղաքացին ընտրի հենց Ձեր գրասենյակը:

-Նախ նշեմ, որ թե ես, թե հայրս, թե եղբայրս, ով ընկերության համահիմնադիրներից է, ունենք մեծ փորձ քրեական արդարադատության ոլորտում: Ես 16 տարի աշխատել եմ դատախազությունում՝ զբաղեցրել տարբեր պաշտոններ: Եղբայրս՝ Դավիթ Խաչատուրյանը,  իրավական հարցերով պատասխանատու է աշխատել է ԱՄՆ դեսպանատանը: Մեծ փորձ ունի միջազգային դատական ատյաններում ներկայացուցչության:

Քրեական արդարադատության ոլորտում մենք ունենաք լուրջ փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ: Եվ մենք այս մեծ մրցակցության պայմաններում որոշեցինք մտնել դաշտ և հիմնել ընկերությունը: Կարծում եմ, որ մեր անցած ճանապարհը և թողած հետագիծը պետք է մարդկանց հուշեն, որ մեզ կարելի է վստահել և աշխատել մեզ հետ:

Միգուցե մտածեն, որ մի ժամանակ «բարիկադների» այն կողմում էի, հիմա այս կողմում եմ, սակայն ես այլ կերպ եմ հարցին մոտենում. խնդիրը արդարադատության իրականացումն է՝ անկախ, թե որ կողմում ես: Թյուր պատկերացումներ կան, որ դատախազությունում բոլորը զբաղված են մեղադրանք սարքելով կամ այդ մեղադրանքն ամեն կերպ պաշտպանելով: Օրինակ, ես իմ գործունեության ընթացքում այլ սկզբունքներով եմ առաջնորդվել. թեև դու գտնվում ես մեղադրանքի կողմում, սակայն պարտավոր ես վերհանել ինչպես մեղադրող ապացույցները, այնպես էլ արդարացնող ապացույցները, և, ի վերջո, վերհանել օբյեկտիվ իրականությունը:

Նյութը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ այսօր կառավարությունը իր արտահերթ նիստում Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու մասին որոշում կկայացնի:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հա-տուկ քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով»,-նվշված է նախագծում:

Հարցը կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: