Մեր  տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւս  հրաժարական կներկայացնի: Նա եւս իր հրաժարականը կպատճառաբանի երկրում ստեղծված իրավիճակով: Նա այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել: Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը 

Ուշագրավ է, որ դեռեւս ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, երբ նրան հարցերլ էին նոր իշխանությունների հետ աշխատելու մասին, Հովսեփյանը նշել էր.  «Ես միշտ աշխատել եմ ՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»։ Դիտարկմանը՝ երեկվա տեղի ունեցածը հեղափոխություն էր նա պատասխանեց. «Երեկվա տեղի ունեցածը իշխանափոխություն էր եւ ես քաղաքական գործիչ չեմ, որ ասեմ հեղափոխություն էր, թե ոչ։ Ես ողջունում եմ մեր ժողովրդին»: