Երեկ արդեն հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է։ Վերջինս իր դիմումում պատճառաբանել էր, որ պաշտոնից ազատվում է անձնական և ընտանեկան մի շարք խնդիրներից ելնելով։

Մենք առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար զրուցեցինք Էրիկ Շարմազանովի հետ, և փորձեցին տեղեկանալ՝ կա՞ արդյոք քաղաքական դրդապատճառ, թե՞ ոչ։ Բաժնի նախկին պետը բացառեց իր քայլում քաղաքական որևէ դրդապատճառի առկայությունը և պնդեց, որ քաղաքական ոչ մի ենթատեքստ չփնտրենք դրա տակ։ Մեր այն հարցին, թե իր հրաժարականը կապ ունի՞ արդյոք վերջին երկու ամիսներին երկրում տիրող քաղաքական զարգացումների հետ, թե՞ ոչ․ «Ես զինվորական եմ և քաղաքականությանը վերաբերող հարցերում չեմ կարող խառնվել, որ դրանից ելնելով էլ հրաժարականս քաղաքական նկատառումներից ելնելով ներկայացնեի։ Ինչպես արդեն նշել էի, այն կապ ունի բացառապես անձնական ընտանեկան խնդիրների հետ»,- այսպես մեկնաբանեց Էրիկ Շարմազանովը։ Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, չցանկացավ մեկնաբանել, թե ինչ ասել է ընտանեկան և անձնական խնդիրների պատճառով հրա-ժարական տալը, ըստ նրա «դա արդեն էական չէ»։

Եղբոր ազատման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Մեր այն ճշտող հարցին, թե կապ ունի եղբոր հրաժարականը իր հետ, թե ոչ, վերջինս պատասխանեց՝ իմ ֆակտրը չկա։ «Իմ եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը շատ պրոֆեսիոնալ մարդ է, և ես հարգում եմ նրա ցանկացած որոշում։ Եվ նրա նախկին, ներկայիս և ապագա բոլոր որոշումները նա ինքնուրույն է կատարում։ Այստեղ չկա քաղաքական ենթատեքստ և պետք չէ այն փնտրել»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը, թե իր եղբոր հրաժարականը կարո՞ղ ենք կապել թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի անկման և հնարավորությունների շրջանակի փոքրացման հետ, սակայն վերջինս բացառեց դա, ասելով, որ իր եղբայրը «ինչի որ հասել է և ինչ պաշտոն էլ, որ զբաղեցրել է, միայն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է եղել»։ Վերջում Էդուարդ Շարմազանովը հավելեց նաև, որ եղբոր՝ Էրիկ Շարմազանովի պաշտոնների տեղավորման հարցում երբեք որևէ միջամտություն չի եղել իր կողմից։

Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը հայտնի է թավշյա հեղափոխության ժամանակ մի շարք ցուցարարներին ծեծելով  մեքենա նստեցնելով, ինչպես նաև 2016 թվականի օգոստոսի 1-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքով։ Ականատեսների պնդմամբ վերջինս է եղել ղեկին, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացավ։

Արմինե Միքայելյան