Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով, մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67% (15 հազ. 487 ընտրողից)։

ԿԸՀ-ից հայտնում են, որ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանեվան համայնքում (75.95%), ամնեցածրը՝ Նոր Արտամետում (20.70%) ։

Համայնքներից 8-ում կայացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հունիսի 10-ին նշանակված Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում որևէ թեկնածու չի գրանցվել:

ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ Մեծաձոր համայնքում նշանակված ավագանու անդամի նոր ընտրությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 24-ին: