Մոտ մեկ շաբաթ է՝ ծավալվում է Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Երեւանում անցկացվում են հանրահավաքներ, բողոքի ցույցեր, քայլերթներ, խաչերթներ։ Մեկ կամ երկու անձ էլ նստել է հացադուլի։ ՀՀ վարչապետը հայտարարել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ, որ պետությունը չի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, քանի որ եկեղեցին եւ պետությունը գործում են անջատ ըստ ՀՀ Սահմանադրության։ Իհարկե, սա կարեւոր հայտարարություն է, որը ցույց է տալիս, որ իշխանությունները չեզոքություն են որդեգրել այս հարցում։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանն իբրեւ քաղաքական իշխանություն պարտավոր է պահպանել չեզոքություն, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով չի հանդիսանում քաղաքական իշխանության ներլայացուցիչ, քանի որ ըստ Սահմանադրության անկուսակցական է, եւ նաեւ չի զբաղվում քաղաքականությամբ ի պաշտոնե, այլ հանդիսանում է ազգի միասնության խորհրդանիշ եւ պետության գլուխ,  նաեւ պետք է Հայ ժողովրդի բոլոր հատվածների շահերը ներկայացնի  ու դառնա, եթե հարկ լինի, հաշտարար  վիճելի հարցեր ունեցող կողմերի միջեւ, լիովին կարող է գոնե գնալ եւ հանդիպել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող հացադուլավորների հետ, խոսել նրանց, հետ, լսել նրանց։

Չէ, որ մարդիկ նստած են հացադուլի, վտանգված է նրանց կյանքն ու առողջությունը։ Հացադուլը որպես պայքարի ձեւ համարվում է ծայրահեղ միջոց։ Որեւէ հացադուլավոր նման որոշում կայացնելիս ամենապարզ բացատրությամբ՝ իրեն դատապարտում է հնարավոր մահվան՝ հանուն գաղափարի։ Հայաստանում, ի դեմս Հաց բերող Արթուր Սարգսյանի, ով ի դեպ նույնպես հոգեւորական էր եւ Երեւանի եկեղեցիներից մեկում սարկավագություն էր անում, մենք ունեցել ենք շատ դժբախտ նախադեպ, երբ հացադուլավորի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքն ու ինչ որ առումով նաեւ անգործությունը հանգեցրեց այն բանին, որ մարդուն կորցրեցինք։ Ճիշտ կլինի, որ որքան հնարավոր է արագ Արմեն Սարգսյանը մի կողմ դնի թենիս խաղալն ու համբուրգեր պատրաստելը եւ գնա հանդիպելու Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ շարժման ներկայացուցիչների եւ հատկապես հացադուլավորների հետ։ Չէ, որ Արմեն Սարգսյանը գնաց այցելության քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով հացադուլի նստած Գարեգին Չուգասզյանին։

 

Սամվել Մելիքյան