Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, 2017թ 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արտյում Մովսեսյանը բավականին դրական է գնահատում ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Մովսեսյանի խոսքով՝ երկիրն աստիճանաբար լճացումների էր գնում, ինչը նորմալ է բոլոր երկրներում, իսկ կադրային փոփոխությունները համարում է երկիրը վերարժևորելու և վերագնահատելու միջոց։


Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնում Արտյոմ Մովսեսյանը դեռ չի տեսնում որևէ մեկին, բայց ցանկանում է որ լինի բանիմաց։ «Պարտադիր չէ նորանշանակ պետը լինի ավիացիայի կազմից, անկեղծ ասած, ավիացիայի աշխատակիցները մի փոքր կապրիզնի են (ծիծաղում է․ խմբ․)։ Թեկնածուն կարող է նաև լինել դրսից, ինչու չէ, թող բանիմաց երիտասարդներից մեկը լինի, ես միայն ուրախ կլինեմ։ Դեռ իմ հրաժարականի ժամանակ ես ասել էի, որ իմ տեղը թողնում եմ ավելի երիտասարդ կադրերի համար, հիմա էլ եմ այդ կարծիքին, թող երիտասարդները ղեկավարեն»,-ասում է Մովսիսյանը։

Մեր զրուցակիցը նաև դրական է գնահատում նախկին պետ Սերգեյ Ավետիսյանի աշխատանքը, ով  երեկ պաշտոնից ազատվեց իր դիմումի համաձայն․«Պետի պաշտոնն զբաղեցնելու օրվանից մինչև երեկ ու այսօր էլ շատ լավ եմ եղել Սերգեյի հետ, լավ էր աշխատում, բայց աշխատանքային փոփոխությունների ծավալը մեծ չէր, քանի որ արդեն մեծ մասն արված է եղել մինչև իր գալը»։


Արտյում Մովսեսյանի հետ խոսեցինք նաև իր՝ նախորդ տարվա ռեյտինգային ցուցակով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու, ինչպես նաև առաջիկա ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու մասին։ Սակայն, ըստ ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունների, ամբողջությամբ վերանալու է վարկանիշային կամ ռեյտինգային ընտրակարգը։ Մովսեսյանի համոզմամբ կարևոր չէ ռեյտինգայինով են մասնակցում ընտրություններին, թե ոչ, կարևորը ժողովրդի խոսքը ԱԺ բերելն է և խնդիրներին լուծում գտնելը։


Մեր զրուցակիցը դեռ չգիտի՝ կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, վերջինս, չնայած ՀՀԿ-ի կողմից նախորդ տարվա ընտրություններին առաջադրվելուն, անկուսակցական է։ Մովսեսյանի կարծիքով կարևոր չէ, թե մասնակցելու դեպքում որ կուսակցության կողմից կառաջադրվի, կարևորը «տվյալ կուսակցության գաղափարները համընկնեն իր գաղափարներին»։

Մեր այն հարցին թե, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՔՊ-ի կողմից առաջարկ լինելու դեպքու՞մ էլ կառաջադրվի, Մովսեսյանը պատասխանեց, որ պետք է նայի այդ պահին ճիշտ ու սխալ լինելուն։
Իսկ մեր այն ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն կազմալուծման փուլում է, եթե առաջարկի իրեն այս դեպքում կրկի՞ն կընդունի, թե՞ ոչ, մեր զրուցակիցը հարցով պատասխանեց․«Դա հիմա, իսկ հետո՞։ ես էլի այն կարծիքին եմ, որ պետք է նայել տվյալ պահին, եթե իրավիճակը թույլ է տալիս և քո գաղափարները կիսում է տվյալ կուսակցությունը, ինչու ոչ»։ Մովսեսյանը հավելեց նաև որ հիմա բիզնեսով է զբաղվում և հնարավոր է նաև դրա պատճառով չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

PrimeNews.am-ն արրդեն իր ընթերցողներին տեղեկացրել էր http://primenews.am/?p=961&l=am , որ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից։
Ավետիսյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արտյոմ Մովսեսյանը, դեռ 2004 թվականից։


Արմինե Միքայելյան