Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը որոշման նախագիծ է տեղադրել, որով նախատեսվում է Հովհաննես Վասիլի Հարությունյանին, Լևոն Արթուրի Լավչյանին և Գոռ Գառնիկի Ներսեսյանին տալ տարեկետում մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ Հովհաննես Վասիլի Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

Լևոն Արթուրի Լավչյանը հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը: Գոռ Գառնիկի Ներսեսյանը բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը: