Մի խումբ էջմիածնեցիներ հունիսի 14-ի հանրահավաք են անցկացնելու Էջմիածնի կենտրոնում և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ դեմ արտահայտվելով քաղաքում տիրող տհաճ մթնոլորտին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝  Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը։
 
Նշենք, որ վերջերս Ֆեյսբուքում բավական ակտիվացել են «Ազատ Էջմիածին», «Էջմիածինն դուխով» անուններով խմբերն ու տվյալ նպատակի համար պայքարող օգտատերերը։ Այդ խմբերում մի շարք քաղաքացիներ ներկայացնում են պատմություններ, թե ինչպես են «տուժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի» և նրա տղաների՝ մասնավորապես ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պատճառով։
 
Սերգոյանը մտահոգություն հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ Էջմիածնի բնակչությունն այնքան էլ ակտիվ չէր, որքան սպասվում էր։ Բայց հիմա, ըստ Սերգոյան, «փողոցները» բացվել են, և հիմա Էջմիածնեցիների իրավունքներին տեր կանգնելու ժամանակն է։ «Հանրահավաքն իրականացնելու մեր առաջնային նպատակն է Էջմիածինը մաքրել այս մթնոլորտից և գլխավոր պահանջը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անհապաղ հրաժարականն է։ Դեռ մինչև հիմա գոյություն ունեն մեքենաներով փակված փողոցները և կողմնակի անձանց մուտքն այդտեղ։ Մենք պետք է վերացնենք այս բռնատիրությունն ու վախի մթնոլորտը մեր Էջմիածին քաղաքից»,- այսպես է մեկնաբանում Արտակ Սերգոյանը կայանալիք հանրահավաքի բուն նպատակը։
 
Ըստ մեր զրուցակցի՝ դեռ չունեն քաղաքապետի հավանական թեկնածու։ Նրա խոսքով՝ ով էլ լինի քաղաքապետը, պետք է առաջնահերթություն դարձնի Էջմիածնի հզորացումը, այլ ոչ թե «թալանն ու վախի մթնոլորտ ստեղծելը»։
«Թող ԱԱԾ-ն գա ու բացահայտի, թե ինչ անօրինություններ են տեղի ունեցել քաղաքապետարանում, թե որքան գումարներ են յուրացվում։ Վերջապես պետք է նաև քաղաքում վերանա «դաբրո» հասկացողությունը, որ քաղաքացիները հանգիստ ապրեն, կարողանան բիզնես ունենալ Էջմիածնում, այլ ոչ թե վախենան քաղաքապետից, կամ նրա հովանավորյալ հորից։ Այս 50-50-ը պիտի վերանա՞ վերջապես, թե՞ ոչ։ Քաղաքական հայրիկների հովանավորչության հետևանքն է սա։ Ծաղիկ տնկելով և լամպչկա կախելով քաղաք չեք պահի, տղերք»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգոյանը։
 
Արտակ Սերգոյանի խոսքով՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եղբայր Արման Գրիգորյանը վախի մթնոլորտ ստեղծողներից մեկն է։ Ըստ Սերգոյանի՝ Արման Գրիգորյանը մի շարք քաղաքացիներից անհարկի մեծ թվով գումարներ է պահանջում, պատճառաբանելով, թե «սա իմ ախպոր քաղաքնա, պիտի փողերը տաք»։ Մեր այն հարցին, թե հանրահավաքի կազմակերպման այս ակտիվության ընթացքում Էջմիածնի քաղաքապետի և վերջինիս հոր՝ Մանվել Գրիգորյանի կողմից եղե՞լ են ճնշումներ, սպառնալիքներ և այլն, Սերգոյանը պատասխանեց․«Ես այդ մարդկանց շատ լավ եմ ճանաչում, նրանք էլ ինձ, և գիտեն իմ հնարավորությունների մասին, ուստի նրանց ռեսուրսները չի հերիքի որևէ կերպ խոչընդոտել իմ և մեր սկսած պայքարը»։ Վերջում հետաքրքրվեցինք նաև, թե որքանով իր մասնակցությունն ունի այս ամենին Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ով վերջերս է եկել Հայաստան։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արթուր Ասատրյանի մասնակցությունն այս հանրահավաքի կազմակերմպանն այնքանով է առկա, որքանով 60 հազարանոց էջմիածնեցիներինը։
 
Հիշեցնենք նաև, որ վերջերս ֆեյսբուքում խումբ  է բացվել, որտեղ Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլորին գալ և միանալ հունիսի 14-ին կայանալիք հանրահավաքին։ Կոչում ասված է․ «Արժանապատիվ էջմիածնեցիներ, մեր քաղաքը պետք է ազատագրվի բռնապետներից ու թալանչիներից: Դիմում եմ Էջմիածին քաղաքի բնակիչներին, եկեք այստեղ ու ցույց տվեք, որ դուք էլ եք դժգոհ Մանվելի կլանից:Մեր քաղաքի տերը մենք ենք, քայլ արա և հունիսի 14ին ժամը 18:00 Էջմիածնի կենտրոնական հրապարակում միացիր հանրահավաքին: Պահանջում ենք Կարեն Գրիգորյանի հրաժարականը և
ցանկանում են արտահերթ ընտրություններ Էջմիածնում: Արժանապատիվ էջմիածնեցիներ, մենք ենք տերը մեր քաղաքի, ձախողված քաղաքական գործիչներ, թալանչիներ, բռնապետեր Հայաստանը չպետք է ունենա: Դե ինչ, Կարեն հեռացիր…»։
 
Արմինե Միքայելյան