ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների՝ արդեն նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը հունիսի 7-ին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը։ Այդ մասին Համբարձումյանը հայտնել էր նաև իր ֆեյսբուքյան էջում։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։ Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նույն պաշտոնին նշանակվեց Տիգրան Արզումանյանը։ PrimeNews.am-ն այս թեմայով զրուցեց նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ իր պաշտոնում նշանակված Տիգրան Արզումանյանի վերաբերյալ, պատճառաբանելով, թե չի ճանաչում նրան։ Բավականին վճռական տրամադրված Հայկ Հարությունյանը չցանկացավ նաև խոսել ՀՀ-ում վերջին երկու ամսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, անգամ որպես ՀՀ քաղաքացի․ «Չեմ ուզում կարծիք հայտնել այդ թեմայով, լա՞վ»։ Իսկ ինչ վերաբերում է Հարությունյանի հետագա գործունեությանը, սկզբում պատճառաբանեց, որ դեռ չի որոշել, հետո մանրամասնեց, որ կզբաղվի «հասարակական և մասնավոր» գործունեությամբ։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը զբաղեցնում էր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը 2014 թ. օգոստոսի 5-ից։

Արմինե Միքայելյան